Վերք Հայաստանի. Խաչատուր Աբովյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Վերք Հայաստանի - Խաչատուր Աբովյան страница 5
Չէ՛ զարմանալու, ի՞նչ անեն խեղճերը, գեղերումը վարժատուն չունին, քաղաքներումը` օրինավոր վարժապետ, ու շատի փորում, հինգ օր ման գաս, մեկ այբի կտոր չե՛ս գտնիր է՛ն էլ շատ ա, որ իրանց ջուրը ջրամանիցը հանում են, իրանց բանը յոլա տանում, ժամի կարգը կատարում: Ամենս էլ լավ գիտենք, թե ո՞ւմ մեղքն ա, ամա հիմիկ խոսալու վախտը չի, հետո կասեմ, ի՞նչ ասեմ, իմացողն իմացավ ու անկաջի տակն էլ բալքի թե քորեց, բայց անկաջի տակը քորելով փոր չի՛ կշտանալ, լավ է մեկ օր առաջ իր բանը կարգին բռնիլ ու չասիլ` էգուց, էգուց: էգուց էլ էս օրվանից ա, ընչանք էգուց-էլօր կքցենք մեր բանը, գելը սուրուն կտանի. ով անկաջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կառնի: Մեր Աղասին, բացի սրանից, ղորդ ա, տարին իրեք-չորս անգամ սրբություն էլ էր առնում, խոստովանվում, պաս ու ծում պահում, զատկի մատաղին ընկեր ըլում. խունկ ու մոմ վառում, իր մեղքը բոլոր տերտերի վիզը կապում, ինքը բերանը սրբում, ձեռները լվանում, ղրաղ կանգնում, բայց էս պարտքիցը պրծածին պես, քրդի ասածին պես՝ «էլմը զեն կիկոն» էր, «էլմը զեն կիկոն»: էլ էն ջուրը, էլ էն ջաղացը, ո՛չ ղուղն էր բան մտնում, ո՛չ բերանը լազաթ առնում: Շատ անգամ ժամի ճամփեն էլ էր մաքիցը քցում, խունկն ու մոմն էլ: էս մեկ ադաթ էր. աչքը բաց էր արել, էնպես էր տեսել, թե հինգ նավակատյացը միս չպետք էր կերած, ժամ գնացած, ծում պահած, սրբություն առած, պատարագ արած, հոգո հաց տված, գերեզմաններն օրհնած, ուրիշներն անում էին, ինքն էլ էնպես էր անում, աղքատաց կերակրում, շատ անգամ քահանա, խալխ կանչում ու իրանց ննջեցելոց հոգիքը հիշում: Բոլոր, բոլոր հիանալի սովորություններ էին, աննման օրենք, սուրբ աստվածապաշտություն և մարդասիրություն: Աստված տա, ամեն ազգ էս բարեգործությունները ունենան, որ մեր ընտիր հայերն ունին, ամա Աղասու ջիգրը հենց էնդուր վրա էր շատ անգամ գալիս, որ ինչ անում էին, խելքումը չէին նստացնում, թե բանի զորությունն ի՞նչ ա: Հանդն էր դուս գալիս՝ իր մասիլն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս նրա հոգին վերանում էր, խելքը թռչում, շատ անգամ աչքերը ծով դառած` տեղն ու տեղը մնում կանգնած, հենց իմանում էր, թե իրան դրախտը տարան: Ձեռները քցում, գլուխը բաց անում, երեսը մեկ երկինքը, մեկ երկրի վրա քցում, հոգոց հանում ու ցանկանում էր, որ ձեն տա:
– Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, յարադանիդ ղուրբան, աստված, որ Էսքան բարիքը ստեղծել ես մեզ համար: Ա՜խ, ընչի՞ չե՛ս քո սուրբ երեսը մեկ օր մեզ ցույց տալիս, որ ոտներդ ընկնինք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ տանք: Թե ասեմ` երկիրն ա մենակ գեղեցիկ, հազար ծաղկներով, բուսով զարդարած, բաս երկինքը ո՞ւր թողամ, որ ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում,