Շխնոց. Ատրպետ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Շխնոց - Ատրպետ страница 3
Եղանակը ամպամած էր, և արջառները հալից ընկել, թուլացել, արորը չէին կարողանում քաշել: Դիտում էր մտամոլոր Վարդևանը, թե ինչպես տաժանելի տանջանքներով էին շարժվում, փոփոխում քայլերը ուժասպառ անասունները, և ինքն էլ նրանց հետ հալվում էր ու տանջվում, առանց կարողանալու վշտի առաջացրած թմրությունից սթափվել: Մելքոնը երբեմն-երբեմն հառաչելով, կրկնում էր. հո՛, օհո՛, հո՛, – և ճիպոտը օդի մեջ շարժելով վախեցնում էր արջառներին և առաջ մղում: Սա տեսնելով, որ հայրը սաստիկ մտատանջվում է և մոռացել է անասուններին, ասաց.
– Ապար, արջառները չարձակե՞նք, անասունները կարողությունից ընկան:
– Արձակե՜նք, արձակե՜նք, – ասաց Վարդևանը և շուռ տվեց արորը:
Արջառները քշեցին արտամեջը արածելու, իրենք էլ հայր ու որդի, իրար դեմ նստան, որ հաց ուտեն: Բայց հացերը պարպել էր, Գարանն էլ հաց չէր ուղարկել, ուշացել էր:
– Մելքո՜ն, տոպրակի մեջ ո՜չ հաց կա, ո՜չ էլ մածուն: Գարանն էլ չեկավ:
– Է՛հ, ով պիտի հիմի տուն երթա ու հաց բերե, ես սաստիկ դադրել եմ: Քիչ նստենք, հիմի ուր որ է կերևնա: Գարանս կամ Մարգարիտը հացերս կբերեն:
Հենց այդ միջոցին հեռուն՝ խրամատի մոտ, երևցան Մարգարիտը և Վարդևանի դրացու` Մանուկի աղջիկը, որոնք իրար հետ կապոցներով հաց էին բերում: Երկուսի միասին երևալը նոր մտքեր ծագեցրեց Վարդևանի սրտում, մանավանդ որ հանդարտ քայլերով և իրար հետ շարժումներով խոսակցում էին երկու թշվառ արարածները: Անպայման նրանց խոսակցության նյութը իրենց սրտերին շատ հաճելի առարկայի մասին էր և հոգով այնքան վրդովված էին երկուսն էլ, որ մինչև անգամ ակնարկները չէին ուզում հեռուն, շրջապատները ձգել ու դիտել: Վարդևանի աչքը պլշած մնաց նրանց վրա, մինչև եկան, արտը մտան:
– Աղջիկ, ինչի՞ այսքան ուշացար, մեզ քաղցած թողիր, – ասաց Վարդևանը ուրախ դեմքով, դուստրից մի աներկյուղ պատասխան ստանալու մտքով:
– Գարանս ուշացուց: Մեկ էլ որ Մարջանը ասաց «Սպասի՜ր, միասին գնանք»: Ես էլ վախենում էի մենակ գալու, քիչ կեցա, ու մեկտեղ եկանք:
– Վախենալու ի՞նչ կա, ճվաս՝ ձայնդ գյուղ կհասնի, հանդվորները կիմանան, էլ ինչի՞ ես վախենում…
– Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավսարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեղաճաք արավ:
Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման, բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պուտկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերակցի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդղալով.
– Ապա՜ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…
– Գնա՜, աղջի՜կս, գնա՜, շուտ էլ դարձե՜ք, մի մնաք: Մի վախենաք, գնացե՜ք, աչքս ձեր ետևից է: