Հեքիաթներ. Հովհաննես Թումանյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Հեքիաթներ - Հովհաննես Թումանյան страница 5
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն: Շրջապատված մեծամեծներով, առջևից` ձիավորներ, ետևից` ձիավորներ – էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՜ն – շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկուռում ու զարմանում:
– Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը: – Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:
– Չէ, դրանից չի, – պատասխանում է աղվեսը: – Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…
Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:
– Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը:
– Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի, – պատասխանում է աղվեսը հառաչելով:
– Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, – խնդրում է թագավորը: – Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկակ մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:
– Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, – ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:
– Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. – Շահ- Մարինը:
– Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը. թե չէ` վայն եկել է ձեզ տարել:
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:
– Էս ո՞ւմն է:
– Շահ-Մարինը:
Հովիվներին էլ նույնն է ասում:
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:
– Էս ո՞ւմ արտերն են:
– Շահ-Մարինը:
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:
– Էս ո՞ւմն են:
– Շահ-Մարինը:
Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:
– Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր, – գոռում է հեռվից վազելով: – Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: