Մթնշաղի անուրջներ. Տերյան Վահան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Մթնշաղի անուրջներ - Տերյան Վահան страница 2
Ես ընկա անդունդները խավար,
– Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
– Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես. —
– Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
– Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
– Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները – ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
– Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից. —
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…
ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն…
ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում