Սալբի. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Սալբի - Րաֆֆի страница 28
– Իսկ ձեր մայ՞րը:
– Իմ մայրը իր հին զուռնան է փչում… նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական ծրճիթից:
– Է՜հ… ահա՜ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք…:
– Հա՜, Ռուստամ – քնքշապար ավելացրուց սիրուն օրիորդը, – դա՜ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը:
Պատանին հեգնականապես ժպտաց:
– Լա՜վ, ի՞նչ լուսավոր զգացումներ կարող էր ունենալ մի մարդ, որ երեխայությունից բնակվում է խավար մտքով, խավար հոգով, խավար շրջակայքի մեջ, – խոսեց Ռուստամը:
– Ո՜չ մի…: Բայց երբ մարդ ունենա փառավոր բնակարան, յուր շքեղ սենյակներով, ծաղիկներով, կահ-կարասիքով և քաղցրաձայն սոխակներով, այնպես չէ՞, Ռուստամ, նա՜ յուր կյանքի սկզբից կսկսի ծանոթանալ և սիրել այն, որ գեղեցիկ է, ա՜ յն՝ որ վսեմ և ազնիվ է:
– Հա՜, իմ նազելի, նա ապրում և շնչում է պոեզիա… նրան մենք ասում ենք բախտավոր, բայց հայերի կյանքը մռայլված է տխուր և սև պրոզայի մթին աղջամուղջի մեջ…:
Այդ խոսքերի վրա ոգելից պատանիի երկաթե պնդությամբ սիրտը ակամա վրդովվեց, և նրա թշերի վրա երևեցան մի քանի կաթիլ արտասուք, օրիորդ Սալբին չնշմարեց այդ սրբազան կաթիլները, և խոսեց.
– Իմ մայրը ասում է, թե մեր այսպիսի տուն ունենալը մեզ կարող է վտանգի ենթարկե, իբր թե թուրքերը մեզ հարուստ համարելով, երկյուղ կա, որ մտնեն կողոպտեն մեզ: Բայց ես կարծում եմ, թե այս խոսքերով նա կամենում է ինձ վախեցնել:
– Չէ՜, Սալբի, նա ձեզ չէ՜ խաբում, – պատասխանեց պատանին խորին զգացողությամբ: – Այդ ճշմարիտ է… գերիների համար օտար աշխարհում ոչ մի վայելչություն չկա. նրանց աղքատը և հարուստը ապրում են միօրինակ դժբախտության մեջ. հարուստը յուր արծաթը խորում է հողի տակ և ինքը ման է գալիս հնոտի հագուստներով և բոբիկ ոտներով. երբ մինը ունի և չէ՜ կարողանում վայելել, ա՜յդ աղքատությունից ավելի ցավալի է…:
– Ինչո՞ւ, միթե, աստված անիծե՞լ է մեր ազգը, – հարցրուց օրիորդը տխրելով:
– Չէ՜, աստված չէ՜ անիծել, բայց հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը:
– Մի՜թե կարելի՞ էր այդ:
– Ինչո՞ւ չէ: Հայերին ո՞վ է արգելում դառնալ դեպ իրանց հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնել և բնակվել նրա վրա – ազգովին:
– Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ, – նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ. – բայց, Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա. մեր հայրենիքի սուրբ հո՜ղը, սուրբ ջո՜ւրը և սուրբ օ՜դը միայն կարող են զորացնել հայոց որդիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».