Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 44

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

պիտի կատարվեր մեր թաղումը, մի՞թե շուտով պիտի պատռվեր ջրային անդունդը և մեզ տաներ սառն գերեզմանի մեջ:

      Ասլանը մտահույզ էր: Նավաստին եռանդով մաքառում էր փրփրած ալիքների հետ: Իմ մեջ սիրտ չէր մնացել:

      – Այդ ի՞նչ զանգակի ձայն է, – հարցրեց Ասլանը:

      – Այնտեղ, կղզու մեջ, աղոթում են, – պատասխանեց նավաստին: – Աբեղաները սովորություն ունեն սաստիկ ալեկոծությունների ժամանակ մոտենալ ափերին և խմբով թափոր կատարել:

      – Ուրեմն մո՞տ ենք կղզուն:

      – Շատ հեռու չենք:

      Ես փոքր-ինչ հանգստացա:

      Պետք էր նավակի մեջ գտնված բոլոր ծանրությունները ածել ծովը: Նավաստին նետեց կողովը, որի մեջ զանազան մրգեր էր տանում աբեղաների համար: Տանձերը, խնձորները մի քանի վայրկյան ծփացին կոհակների վրա, հետո անհետացան: Նետեց հացի պաշարը, որ Ծովիկը դրել էր մեզ համար: Ասլանը նետեց նորին սրբազնությունից իբրև հիշատակ ստացած փղոսկրյա «տիրուհին»: Ես էլ հիմարացա, նետեցի ձեռքիս փայտյա գոտը:

      – Խելացի բան տեսար, – նկատեց ինձ նավաստին ժպտելով:

      Ամեն րոպե սպասում էին խորասույզ լինելու: Երբ մոտեցանք մի կողմից կղզուն, մյուս կողմից ծովափին, նավաստին ասաց.

      – Վտանգը պետք է անցած համարել:

      – Ընդհակառակը, հենց այժմ է գլխավոր տագնապը, – նկատեց նրան Ասլանը:

      – Ինչո՞ւ:

      – Այժմ քամին փչում է արևմուտքից, և ալիքները մղում են դեպի արևելք, այսինքն` դեպի մերձակա ծովեզրը. շուտով մեզ կհեռացնեն կղզուց և, նավակը զարկելով ցամաքի ժայռերին, կփշրեն:

      – Ես պիտի թողնեմ, որ տանեն և փշրեն:

      Նա առաջարկեց թողնել նավակը և լողալով անցնել կղզին, որը ավելի մոտ էր, քան թե ցամաքը:

      – Ես նպատակ չունեմ թրջված կատվի նման վանքը մտնել, – պատասխանեց Ասլանը:

      – Ուրիշ հնար չկա:

      – Կա:

      – Նավակը շուտով մեզ հետ կփշրվի ժայռերի վրա:

      – Եթե այդ ուղղությամբ տանենք, չի փշրվի:

      – Այնտեղ ուժգին հորձանք կա:

      – Հենց այդ հորձանքը կազատե մեզ:

      – Դուք համոզվա՞ծ եք:

      – Ինչպես երկու անգամ երկու…

      – Տեսնենք…

      Գիտությունը և փորձը վիճում էին միմյանց հետ: Ասլանը, նայելով ալիքների ուղղությանը, քամու ընթացքին, այդ համոզմունքն էր կազմել: Իսկ նավաստին, հիմնվելով իր փորձերի վրա, բոլորովին հակառակ կարծիք էր հայտնում. նա դարձյալ առաջարկում էր թողնել նավակը և լողալով ընկնել կղզին: Թե՛ այսպես, թե՛ այնպես, տագնապը մեծ էր:

      Նավաստին դադարեց վիճել, նա թեորիայի մարդ չէր: Հանկարծ այն տեսանք, որ նա, նավակից կապած երկայն պարանի ծայրը ձեռքին բռնած, նետվեցավ ջրի մեջ: Սկզբում բոլորովին խորասույզ եղավ նա, մի ծանր խարսխի նման, որը, դեպի հատակը գնալով, կանգնեցնում է մրրկածուփ նավը: Ես սաստիկ վախեցա, կարծում էի, թե կորավ նա: Բայց քանի րոպեից հետո կրկին հայտնվեցավ նա և սկսեց լողալ դեպի կղզին, իր ետևից քարշ տալով նավակը:

      Ասլանը շվարած մնաց:

      Կղզին այժմ պարզ երևում էր: Մառախուղի միջից, ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը:

Скачать книгу