Առակներ. Մխիթար Գոշ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 8
– Ա՜յ հնդու էշ… վա՜յ ինձ, մի փախչիր, քուռի՜, քուռի՜, խնայիր ինձ և վերադարձիր։
ԱՂՔԱՏԸ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ։ Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից։
Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել։ Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր. «Օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ»։
Այն աղքատր լսեց և ուրախացավ.
– Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը։
Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին:
Եվ աղքատն ասաց.
– Այն գիրն, որ կարդաց, սուտ էր։
Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան, եկեղեցի գալով, Ավետարանը չգտավ և աղքատին ասաց.
– Ո՞ւր է Ավետարանը:
Եվ աղքատն ասաց քահանային.
– Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի:
Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.
– Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը։ Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս։ Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց։
ՄԱՐԴԸ, ԸՆԿՈԻՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈԻԿԸ
Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել։ Եվ պտուդի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր։ Մարդն ասաց.
– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես ամենը կարգին է և մի բանի նման։ Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն։
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա։
Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և ուժգին դիպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյունը եկավ։ Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ։
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։
Եվ աղվեսն ասաց։
– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ
Եկեղեցին