Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Վահան Թոթովենց страница 3
Լռությունը դաժանագույն պայման էր, ոչ մի ծիծաղ, ո՛չ մի խոսք՝ այսպես էր պահանջում հայրս։
Մայրս դեմ էր այդ լռության, նա սիրում էր, որ ճաշն անցներ ճիչերով, ծիծաղով, թեև անկարգ, բայց ուրախ կանչերով, մեկը փրթկացներ, պատառը բերանում (այսպես էինք ճաշում, երբ հայրս բացակա էր), բայց երբ հայրս ներկա էր, մայրս էր, որ լռության էր հրավիրում բոլորին, որովհետև այդպես էր ամուսնու կամքը։
«Ծիծաղ և խոսակցություն ճաշից առաջ և հետո, բայց երբեք՝ ճաշի ժաանակ», – այս էր հորս փիլիսոփայությունը։
Երբեմն փորձում էինք շուռ տալ կարգը, հայրս սաստում էր
– Ծո՜ , ձա՛նըդ…
Տարին երկու անգամ հայրս հագնում էր նշանազգեստը, հագնում էր հայհոյելով, որովհետև այդ զգեստով դժվար էր նստել էշի վրա։ Այդ նշան ազդես ար երկար, սև սյուրտուկ էր, առաջը վերից վար կոճկված, բարձր օձիքով՝ վրան սրմայով բանված, ծոպավոր, ոսկեհուռ ուսադիրներ, կրծքի վրա աջ ուսից շեղակի իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը։ Գնում էր պետական պարադի, վերադառնում տուն և անմիջապես հանում, կրկնելով «Օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ, օ՜ֆ, ազատվա՛»։
Այդ օրն ամբողջ տունը լուռ էր, տոնական խաղաղություն, տան բակի սալահատակն այնքան մաքրված էր լինում, որ աղոտորեն անդրադարձնում էր վրան քայլող մարդկանց ստվերները։ Տան ֆասադը զարդարված էր լինում թրքական մահիկազարդ դրոշակներով, դուռը կամարված կանաչ ուռու ճյուղերով, որոնց մեջ կախվում էին գույնզգույն լապտերներ՝ գիշերվա համար։
Ամառը հայրս անցկացնում էր երկար ժամեր տան պարտեզում, ջրհորի մոտ, մի մեծ վարդենու կողքին։
Առավոտվանից ջրհորն էին իջեցնում մի փոքրիկ կողով։ Այդ կողովում՝ մի փոքրիկ շիշ օղի, կանաչի և մրգեր։ Հորս նստելն ու ջրհորի կողովը վեր բարձրացվելը մեկ էր լինում։ Կողովի բովանդակությունը մայրս ինքը դարսում էր վարդենու տակ դրված սեղանի վրա։
Քույրերիցս մեկը հանում էր հորս կոշիկը, փոխարինելով հողաթափով։
Մեկ֊մեկ երկարում էր հայրս, բռնում վարդենու ճյուղը, մոտեցնում քթին և հոտոտում մութ֊կարմիր, մեծ վարդը։
Այդ անէացած աշխարհի կապույտ մոխրում այժմ էլ, զգում եմ, կաթում է այդ վարդենու արյունը, կաթում է արցունքի նման, ցողի նման, կաթում է եղևնու խեժի նման։
Այդ բոլորի վրա փլվեց կապույտ երկնակամարը, ինչպես հին տաճարի փիրուզյա գմբեթ երկրաշարժից։
Նոր տարու գիշերը, երբ մենք՝ մանուկներս, սպասում էինք Ձմեռ պապիին, որ մեզ բերեր նոր տարու նվերներ, դուռը բախեց մահը, բռնեց հորս ձեռքը, սեղմեց ջերմագին և նրանք, մահն ու հայրս, թևանցուկ դուրս եկան տնից, քայլեցին սպիտակ ձյունի վրայով։
Գնացին և է՛լ չեկան։
Բ
Ես կարծում եմ, որ աշխարհում եղել են երկու քրիստոնյա։ Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը՝ մայրս, հայ։
Նա միայն մի գիրք էր կարդում՝ Ավետարանը։ Ամբողջ օրը նա ջանում էր միայն մի բան անել՝ իրագործել Ավետարանի պատվիրանները։ Աղքատների հետ ճաշի էր նստում, բարեգործություններ էր անում, պայմանով, որ ոչ ոք չիմանա, և աղոթում էր։
Խոնարհվում էր այդ կինը մինչև ոսկորների ծուծը։ Նրա խոնարհությունն օրգանական էր, որովհետև այդ խոնարհության համար խոր տարաձայնություններ էին ստեղծվել նրա և հորս