Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Վահան Թոթովենց страница 9
Բայց հաջորդ օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, անտիկ շալը գցում գլխին, ընկնում հարևանների տները։
Մտնում էր Եղիս խանումի մոտ։
Եղիս խանումը մի կին էր, որ իր իսկ շվաքից էր վախենում, որի տան լուսամուտների վարագույրները միշտ փակ էին, ուրիշի անունը չէր արտասանում, որպեսզի մի գուցե բամբասանք չդառնա։ Եղիս խանումն ուներ մի տղա (40 տարեկան) և մի աղջիկ (35 տարեկան)։ Որդուն չէր պսակել, որպեսզի քաղաքում խոսք֊զրույց չլինի, իսկ աղջկան էլ տեսնող չէր եղել, որ ուզեր։
Մայրը նրան տարին մի անգամ միայն դուրս էր հանում, այդ էլ միայն եկեղեցի տանելու համար։ Կանգնեցնում էր վերնատան ետևը, թույլ տալով միայն, որ քթի մի մասը և երկու աչքերի միայն մեկն ազատագրի երեսի քողից։
Հորաքույրս դիտմամբ երևակայում էր, որ Եղիս խանումը միտք ունի Գուվար խանումի աղջիկն ուզելու որդու համար։ Հորաքույրս սկսում էր բամբասել Գուվարի աղջկան, որին բաղնիսում տեսել էր բոլորովին մերկ։
– Կռնակի վրա երկու դանակի նշան կա, ով գիտե ի՞նչ հիվանդություն ունի, չըլլի թե Սմբատիդ համար ուզես, – բամբասում էր հորաքույրս։
– Սմբատս հալա կարգվելու չէ, – պատասխանում էր Եղիս խանումը։
Իսկ Սմբատը 40 տարեկան էր։
– Պարտք սեպեցի քըզի ըսիմ, – ավելացնում էր հորաքույրս։
Մտնում էր ուրիշ տուն։
– Հազարխան խանումի աղջիկը ճռվները (սրունքները) դեղ կքսեր, հալբեթ հիվանդություն ունի։
Մի ուրիշ տեղ՝ մի աղջկա մասին։
– Երեսը տեղն է, բայց մարմինը չորտոտ, իմ մարմինս քեզ օրինակ։
Մի ուրիշի մասին․
– Մարմնի վրա տղամարդու պես մազ ունի։ Սիրտս խառնեց։
Այսպես անվերջ, առանց հոգնելու, առանց հագենալու։
Մի օր բաղնիսի դրսի ընդհանուր սրահից մի կին ներս մտավ մեր լողանալու բաժինը և խնդրեց մորիցս, որ թույլ տա այստեղ լողանալու։
Կինն սկսեց լողանալ մորս թույլտվությամբ։
Մայրս գնաց դուրս։
Հորաքույրս եկավ և հրամայեց կնոջ, որ անմիջապես դուրս ելնի։
– Վարթեր խաթուն, – ասաց Օղաբեր խաթունը, – Մարգարիտ խանումը հրաման տվեց։
– Խանում֊մանում չեմ ճանչնար, գնա՛ դուրս, – հրամայեց հորաքույրս։
Օղաբերը զայրացավ։ Սա էլ մեղմ կանանցից չէր։
Սկսեցին իրարու խոսքեր կանչել – գնա, չեմ գնա, դուն ո՞ր շուն ես, հալա կհաչես – դիպան իրար։
Օղաբերի ազգականները հավաքվեցին, բացվեց տրագիկոմեդիայի վարագույրը։
Օղաբերը և նրա մի քանի ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի ծանր թասերը փաթաթեցին մեջը և հորաքրոջս ձգեցին մեջտեղը։
Ճարպոտ կանաց ծծերը, կատաղած փոքրիկ շների գլուխների նման սկսեցին վեր֊վար ելնել և իջնել։
Մեկի ոտը սլլաց, ամբողջ հասակովը փռվեց սալահատակին, մսերը ճխլվեցին, բայց ոտի կանգնեց ավելի կատաղած։
Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր բաղնիսի աթոռով, խփում էր ծնկներին