Նոյի ագռավ. Մուրացան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Նոյի ագռավ - Մուրացան страница 3
Բայց վերջինս անխիղճ պարտատիրոջ պես, տեր հոր օձիքը չթողեց:
– Այդ իմացանք, տեր հայր, դու իմ հարցին պատասխանիր, – կրկնեց նա, քահանայի թևից քաշելով:
Տեր հայրը կարծես բարկացավ և խոսակցի վրա մի քննական հայացք ձգելուց հետո դարձավ մեր հյուրընկալին:
– Ա Մուք, ղոնաղդ (հյուրդ) կռվարար մարդ ա րևում (երևում):
– Չէ, ա դեր, լավ տղա յա, ասենք մի քիչ հանաքչի ա, – պատասխանեց գյուղացին, աշխատելով արդարացնել Պետրոսին:
– Տո, տնածա՛կ, ըսենց հանաք կըլի՞. ինձ պատին դեմ ա արել թե՝ հենց դու ես որ պտի թարգմանես: Խի՞, ես Սողոմոն իմաստո՞ւնն եմ:
Մենք սկսանք ծիծաղել:
– Այ, տեսնո՞ւմ ես, տեր հայր, եթե մի փոքր առաջ խոստովանեիր, թե չգիտես, այն ժամանակ ինքս կթարգմանեի, – դարձավ Պետրոսը քահանային, – այժմ բացատրեմ, լսիր. «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ» կնշանակե թե՝ դուք չեք մտնում, և ովքեր էլ որ մտնում են, նրանց չեք թողնում…
– Գիտում եմ, գիտում, – ընդհատեց հանկարծ քահանան, չկամենալով, այսուամենայնիվ, բոլորովին տգետ երևալ մեր աչքում, – Քրիստոս էդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում. յանի թե՝ (այսինքն) դուք ամուսնութենի մեջ չեք մտնում ու հով որ էլ ուզում ա մտնի, նրան թողում չեք:
– Վա՛յ, տունդ չծակվի, տերտեր, – բացականչեց Պետրոսը և բարձրաձայն ծիծաղեց, նրան հետևեցի և ես:
– Խի՞ եք ծիծաղում, բա ըսե՞նց չի, – հարցրեց քահանան մի առանձին հավակնությամբ:
– ՉԷ, չէ, տեր հայր, – մեջ մտա ես. – Քրիստոս արքայության համար է խոսում, և դպիրներին ու փարիսեցիներին է ասում թե՝ դուք արքայություն չեք մտնում և ովքեր էլ որ կամենում են մտնել, թույլ չեք տալիս նրանց:
– Դե, հեր օրհնած, ամուսնությունն էլ արքայության նման բան ա, ես ըսկի շատ չեմ յանղլիշ եկել (սխալվել), – ժպտալով ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին՝ հարցրեց.
– Մի ասա տեսնեմ՝ ինձ խի՞ ես ըտենց հարցուփորձ անում:
– Ա՛յ, թե ինչու: Մենք եկել ենք ձեր եկեղեցին այցելելու և տեսնում ենք սրա առաջ այս ողորմելի բանջարանոցը, որի մեջ միայն մի քանի ածուներ ունիս դու: Միևնույն ժամանակ այստեղ հոսում է այս հորդ առվակը, որից դու կարող էիր օգտվել և եկեղեցու առաջ, այս ահագին տարածության վրա ծառեր տնկել, զբոսարան շինել, իսկ այդ ծառերը օգուտ կբերեին թե քեզ, թե եկեղեցուն և թե ժողովրդին: Բայց դու չես արել, որովհետև, ինչպես Մուքին ասում է, էշխ չունիս: Հարցնում ենք սրան թե՝ ինչու դուք՝ գյուղացիներդ, չեք անում, պատասխանում է թէ՝ «տեր հայրը չի թողիլ»: Ա՛յ, հենց դրա համար էլ կամեցա հասկացնել քեզ թե՝ Քրիստոսի այն խոսքը, որ ասում է՝ «դուք չեք մտնում և ովքեր էլ որ մտնում են, չեք թողնում», հենց ձեզ նման հովիվների համար է ասված:
Տեր Մակուչը մի դժգոհ հայացք ձգեց մեր հյուրընկալի վրա և ապա դառնալով Պետրոսին ասաց.
– Հեր օրհնած, էս եղցումը (եկեղեցում), ինձանից առաջ, մինչև տասը, տասներկու քահանա ծառայել են, ծերացել ու մեռել: Դիփունանց գերեզմաններն էլ, հրես, ըստի, եղցու քամակին ա, ուզո՞ւմ եք, գնանք մի-մի շանց (ցույց) տամ: Ընդոնցից որն ա ըստի մի չոփ (ոստի կտոր) տնկել, որ ես տնկեմ:
– Նրանք չեն արել, դու արա, դոԼ բարի օրինակ եղիր քեզանից հետո եկողներին:
– Միթոմ էդ ի՞նչ օգուտ պտի բերի ինձ, յա (կամ), եղցուն:
– Նախ