Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան страница 1
Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։
Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։
Սնդուկներն և անկողինն, որ քուրջի մը մեջ ներփակված էին, նավակեն հանելուն պես ճամփորդն քաշեց քսակն ու նավավարին իրավունքը վճարելով՝ բեռնակիր մը կանչեց։ Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն։ Տարակույս չկա, որ եթե հինգ կանչեր, քսան և հինգ պիտի ունենար յուր առջև մայրաքաղաքիս սովորությանը համեմատ։
– Ո՞ր կողմ պիտի երթաք աղա, – հարցուց բեռնակիրներեն մին՝ մեկ ոտքը սնդուկներեն միույն վրա կոխելով։
– Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2 պիտի երթամ, – պատասխանեց խոշոր մարդը։
– Շատ աղեկ, հասկցա, Բերա, Ծաղկի փողոց․․․ պատվական փողոց մ՚ է, – ըսավ հարցումն ընող բեռնակիրն և սնդուկին մեկն ալ շալկելով սկսավ երթալ։
– Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ, – ըսավ երկրորդ բեռնակիրն և սնդուկին մեկն ալ ինք առնելուն պես՝ Բերայի ճամփան բռնեց։
– Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն, – ըսավ երրորդն և մարդուն անկողինը գետնեն վերցնելն, կռնակին վրա առնելն ու վազելն մեկ ըրավ։
Այս գործողություններն այնքան արագությամբ կատարվեցան, որ մարդը շվարելով սկսավ չորս կողմը նայիլ՝ տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմության մեջ անհայտ եղած էին։
– Ի՞նչ խայտառակություն է աս, – պոռաց վերջապես ոտները գետինը զարնելով, ո՞ւր տարին անկողինս և սնդուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս և սնդուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը․ ինչ որ կը տեսնեն, կառնեն, կը տանին։
– Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա, մեզի ալ բան մը տուր, որ տանինք, – ըսին միուս երկու բեռնակիրները։
– Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ, – պատասխանեց մարդն, որուն այտերն նեղութենե կարմրիլ սկսած էին։
Երկու բեռնակիրները խնդալով հեռացան․ և ճամփորդն ալ յուր սնդուկներուն ետևեն երթալ կը պատրաստվեր, երբ բարձրահասակ, թխադեմ, փոքր աչերով մարդ մը ուսերը տնկած, ձեռները շփելով և բռնազբոսյալ ժպիտով մը մոտեցավ անոր և քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց․
– Դո՞ւք եք, Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային գործերն ի՞նչպես են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրև եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը․․․ վայ, Աբիսողոմ աղա, վայ․․․
– Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն, հացին գինը մեկ դահեկան է, անձրև չեկավ այս օրերս մեր քաղաքը, – պատասխանեց փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու այս անձն։
– Ներեցեք, թողություն ըրեք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար։ Ինծի գրված էր Տրապիզոնեն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք․․․ – Ես ատանկ բաներու չեմ նայիր։
– Արդարև մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզի պես պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մեկը․․․
– Սնդուկներս․․․
– Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը․․․
– Բեռնա․․․
– Հայրենասեր անձ մը․․․
– Կիրները․․․
– Ազգասեր, ուսյալ, կրթյալ․․․
– Սնդուկ․․․
– Դաստիարակյալ․․․
– Ներս առին, տարին․․․
– Ազնվասիրտ, ազնվախոհ, ազնվադեմ մեկը իր մեջ ունենալու համար։
– Սնդուկներուս մեջ ատանկ բաներ չկան, – պատասխանեց Աբիսողոմ աղան քալել սկսելով՝ բեռնակիրները գտնելու համար։
– Թեպետև դուք զիս չեք ճանչնար, բայս ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ․ ձեր լուսահոգի հայրն իմ լրագրույս բաժանորդ էր։ Շատ բարի մարդ մ՚ էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր և իրեն դիմողներուն բարություն կըներ։ Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են, բայց, ի՞նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնե և թող կուտա չարերն, որ ազգին չարություն ընեն։ Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք։ Շոգենավուն մեջ հանգի՞ստ էիք։
– Շատ հանգիստ էի, պատվականապես կերա, խմեցի և պառկեցա, – պատասխանեց Աբիսողոմ աղան՝ քայլերն շուտ առնել սկսելով։
– Եթե հանգիստ չըլլայիք, վաղվան լրագրույս մեջ պիտի գրեի և ընկերության ուշադրությունը պիտի հրավիրեի, – ըսավ խմբագիրն ետևեն վազելով։
– Շնորհակալ եմ։
– Կաղաչեմ, ըսեք ինձի, քանի՞ տարեկան եք։
– Քառասուն։
– Վաճառական եք, կարծեմ։
– Այո․․․ եթե անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա, վասնզի