Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 3
Վերջին խոսքը գրգռեց Կալոյի բարկությունը, և նա իր երկայն ցուպը բարձրացնելով, սպառնացավ.
– Տեսնում ե՞ս մըհակս, էնպես կչափեմ նրանց բարակ մեջքից, որ «վա՛յ, նանի» կկանչեն:
Դ
Ե… քաղաքը գտնվում էր այն գետի ափի մոտ, որ իր սկիզբն առնում է Գեղամա լճից: Նա այն քաղաքներից մեկն էր, որ իսպառ չէր թոթափել իրանից պարսկական փոշին, և ուր հայն էլ թուրք է, իսկ թուրքն ավելի թուրք է, և որտեղ կնիկները իրանց ծամերը ներկում են հինայով, իսկ տղամարդիկը նեղ պանտալոնի հետ քոշեր են հագնում:
Երկրորդ ավուր երեկոյան պահն էր, երբ Ավետ ապերը գյուղից բերած մթերքը ծախելուց հետո եկել, կանգնել էր մի հարուստ կրպակի առջև և գլուխը ծռած, իր երկայն մահակը կուրծքին նեցուկ տված, անհամարձակ կերպով նայում էր դեպի խանութը, չիշխելով այնտեղ մտնել: Նա նույն ժամում նմանում էր մի մարդու, որ սպասում է իր դատապարտության վճռին:
Երկար սպասում էր նա, մինչև իր վրա ուշադրություն դարձնեին և ներս կանչեին: Նրա մոտ, նույնպես անմռունչ և հանդարտ կերպով, կանգնել էր աղայի համար բերած զատկացու գառը, կարծես նա էլ տխուր էր, կարծես նա էլ մոռանալով իր սովորական կայտառությունը, շատ չէր զանազանվում իր տերից, որ նույն միջոցում գտնվում էր հոգեկան դառն տրամադրության մեջ: Գառան մոտ նստած էր փոքրիկ Կալոն և բռնել էր նրա ոտից, որ չփախչե: Նա միայն ուրախ էր, նա միայն անհոգ էր և հետաքրքիր աչքերով նայում էր իր շուրջը, ուր ամեն մի առարկա նրան զարմանք և հիացում էր պատճառում:
– Ապեր, աղան պստիկ տղա ունի՞, – հարցրուց նա:
– Չունի, – պատասխանեց Ավետը անուշադիր կերպով:
– Բա՛ էդ գառան հետ ո՞վ պիտի խաղա:
Ավետը ոչինչ չպատասխանեց:
Նույն միջոցին մի ձայն զարկեց գյուղացու ականջներին:
– Հը՜մ, Ավետ ապեր, եկե՞լ ես:
Այս ձայնը արթնացրուց նրան, նա ետ նայեցավ և տեսավ իր մոտ մի պատանի, որը հարուստ կրպակի գործակատարներից մեկն էր: Գյուղացին ետ-ետ քաշվեցավ և խոնարհ կերպով գլուխ տվեց:
– Երևի աղային տեսնելու ե՞ս եկե՛լ, – հարցրուց պատանին:
– Առանց տեսնելու ո՞նց կարամ գնալ, – պատասխանեց Ավետը:
– Դրանի՛ց, դրանի՛ց բերե՞լ ես, – հարցրուց պատանին, աջ ձեռքի ցուցամատը և բթամատը միմյանց հետ շոշափելով:
Ավետը հասկացավ, որ փողի մասին էր հարցը, և դրական կերպով շարժեց գլուխը:
Պատանին մտավ կրպակը, և մի քանի րոպեից հետո Ավետին ներս կանչեցին մուտքի առջևը: Երկու զոհեր միասին սպասում էին մի ճակատագրական վախճանի…
Աննկարագրելի ահուդողով Ավետը ներս մտավ և հեռվից խորին կերպով գլուխ տվեց մի կարճահասակ ալևոր մարդու, որ նստած էր գրասեղանի մոտ և քրքրում էր իր առջևը ածած թղթերի կույտը:
Նրա առաջին երկրպագությունը աննկատելի մնաց, որովհետև աղան զբաղված էր: Հետո գյուղացին ծոծրակը քորելով, մի քանի անգամ հազաց, որ ցույց տա իր ներկայությունը: Աղան գլուխը վեր բարձրացրուց և տեսավ նրան: Ավետը կրկնեց իր երկրպագությունը:
Աղան քաղաքավարի էր և մանավանդ դեպի այն մարդիկը, որոնց հետ հաշիվներ ուներ: Հաշվի ժամանակ նրա մարդահաճությունը հասնում էր մինչև ցած կեղծավորության: Տեսնելով գյուղացուն, նա իր կոշտ դեմքի վրա ձևացրուց մի անսովոր ժպիտ և հարցրուց.
– Բարով, Ավետ ապեր, ո՞նց ես, լա՞վ ես, տղերքդ, տանեցիքդ լա՞վ են:
– Աղոթարար