Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 19
– Ես չի՞ պիտի գիտենամ պատճառը:
– Այժմ ոչ. հետո ինքդ կհասկանաս… քանի օրից հետո…
– Ես Զաքարիայի նման մունջ կմնամ, երբ այդ ցանկանում ես դու:
– Հա, այդպես, ինձ հարկավոր է առժամանակ ծածուկ մնալ…
Նա կրկին խորասուզվեցավ իր մտածությունների մեջ:
Կարոյի զգուշացուցիչ պատվերը չափազանց զարմացրեց ինձ: Մի մարդ, որ ամբողջ տասն և երկու տարի հեռացել էր հայրենի երկրից, որին ամենքը կորած էին համարում, որը այժմ մի հրաշքով կրկին հայտնվել էր, ցանկանում էր դարձյալ ծածուկ մնալ, ցանկանում էր իր ծանոթներին, բարեկամներին չհանդիպել: Ի՞նչ էր գաղտնիքը – այս հարցը սկսեց տանջել իմ միտքը:
Անցնելով ավելի քան կես մղոն ճանապարհ, անապատի միջով, մենք հասանք այն տեղը, ուր անհիշելի ժամանակներից մնացել էին հին ավերակներ, որոնց մասին տատս պատմել էր ինձ այնքան շատ զարմանալի զրույցներ: Փլատակների մեջ մի մինարեթ միայն մնացել էր ամբողջ և լուսնյակի լուսով նա ավելի գեղեցիկ էր, քան թե ցերեկով: Նրա կապտագույն մոզայիկները այժմ փայլում էին կախարդիչ հրապույրներով: Ինձ երևում էր, որ այդ մինարեթը, որպես մի վիթխարի հսկա, փառավոր կերպով վեր բարձրացած փլատակների միջից, լի ոխակալությամբ, սպառնում էր ժամանակներին – «դուք ոչնչացրիք իմ շրջակայքում բոլորը, ինչ որ ստեղծել էր արհեստը և ճարտարությունը, բայց ես կմնամ, դեռ երկար կմնամ և կպատերազմեմ ձեզ հետ»…
Բայց ոչ, այսպիսի մտածություններ չէին զբաղեցնում իմ միտքը… այլ այն րոպեում, երբ հասանք ավերակների մոտ, ինձ տիրեց մի սարսափելի խռովություն: Երեխայությունից լսածներս այն հին, խորհրդավոր ավերակների մասին, մինչ այն աստիճան գրգռել էին իմ սնահավատությունը, որ ես լույս-ցերեկով երբեք չէի համարձակվում մոտենալ նրանց. իսկ ա՞յժմ, գիշերո՞վ, – դա զարհուրելի հանդգնություն էր: Այդ պատճառով ես իմ մտքում խիստ դժգոհ մնացի Կարոյից, երբ նկատեցի, որ ինձ այն տեղ է տանում:
Մոտենալով մինարեթին, Կարոն շվացրեց: Մինարեթի միջից պատասխանեցին նույն զիլ և ձգական ձայնով: Ես խորին անվստահությամբ ոտք կոխեցի նրա շեմքի վրա, երբ Կարոն հրավիրեց ներս մտնել:
Մինարեթի ներսը լուսավորված էր փայտակույտ խարույկով, որ վառվում էր հատակի մեջտեղում, տարածելով իր կարմիր-ծիրանի լույսը խուլ գմբեթների մեջ: Կրակի մոտ երկու հոգի միս էին խորովում, որ շարած էր հրացանի սումբաների վրա, նրանցից ոչ այնքան հեռու դրած էր հաց և գինի: Երեք հոգի ևս մի կողմ քաշված, պառկած էին մերկ գետնի վրա: Տեսնելով Կարոյին, նրանք մոտեցան, և հեռանալով դեպի մինարեթի մթին կողմը, սկսեցին անլսելի ձայնով խոսել: Այդ տևեց ավելի քան տասն րոպե: Ես մնացի աննկատելի. ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում: Այդ բավական վիրավորեց իմ անձնասիրությունը: Ես ոչինչ չհասկացա նրանց խոսակցությունից, միայն ինձ երևաց, որ Կարոյի հաղորդածը շատ ուրախալի պետք է չլիներ իր ընկերներին, որովհետև իսկույն նկատեցի նրանց դեմքի վրա մի խորհրդավոր տխրություն: Ես կարծում էի, թե խոսակցությունը իմ մասին էր:
Երբ վերջացրին, նրանցից գլորիկ հասակով, արագաշարժ մեկը դարձավ դեպի ինձ և շիլ-վառվռուն աչքերը ուղղելով իմ երեսին, ասաց.
– Օ-հո՜ … դու ո՞րտեղից դուրս ընկար:
Ինձ խիստ անախորժ երևաց այդ կոպիտ հարցմունքը, և ես