Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 24
Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին: Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած, սպասում էին մեր երկու ղավազները: Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները:
Դուրս գալով քաղաքից, երբ փոքր-ինչ հեռացանք, մեր շրջակայքում բացվեցան հիանալի տեսարաններ. մի կողմում երևում էր կանաչազարդ Այգեստանը, երևում էին և Վարագա կանաչազարդ լեռները, որոնց կուրծքի վրա, խորին ջերմեռանդությամբ գրկված, բազմել էր Վարագա գեղեցիկ վանքը: Մյուս կողմում, մանիշակագույն հայելիի նման, փայլում էր Վանա ծովակը: Այդ ձվաձև հայելին դրված էր հիանալի շրջանակի մեջ, որը բոլորում էր նրա գեղագրական եզերքը, մեղմ, ալիքավոր բարձրություններով, դրանք էին` Արտոս, Արնոս, Սիփան, Նեբրովթ և Գրգուռ լեռները, որոնց գոտիները չորեք կողմից սեղմել էին իրանց մեջ ջրի այդ մեծ ավազանը:
Կարծես այդ աշխարհում հեթանոսական և քրիստոնեական ժամանակների հիշատակարանները դեռ մինչև այսօր մրցություն էին անում միմյանց հետ: Մի կողմում, բևեռագրերով զարդարված փառավոր շինվածքներ ցույց էին տալիս ամենահին անցյալի վրա, մյուս կողմում, սփռված էինք տեսնում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Այդ վանքերը դեռ շեն էին և լի բազմաթիվ կրոնավորներով: Իսկ նրանց կողքին, մենք գնում էինք տեսնելու մի հին, մոռացված մեհյանի տխուր ավերակները…
Վերջապես, հասանք Թոփրակ-Կալե: Այդ ավերակ բերդը ուրիշ անուններ ևս ունի. նա կոչվում է Ակռփու-քար և Զըմփ-զըմփ-մաղարա: Բայց այդ երեք անուներից և ոչ մեկը նրա նախնական անունը չէ. դրանք ստացվել են վերջին ժամանակներում: Ի՞նչպես էր կոչվում նա առաջ. ոչ ոք չգիտե, պատմությունը լռում է այդ մասին: Այդ բերդը մի ամբողջ քաղաք է եղել, որ այժմ ծածկվել է ահագին հողակույտերի ներքո: Հենց այդ է պատճառը, որ նրան թուրքերի բառերով կոչում են Թոփրակ-Կալե (հողաբերդ): Գուցե այդ անհայտացած քաղաքը այն կախարդված «Պղնձե քաղաքը» լիներ, որ մինչև այսօր վանեցոց ավանդությունների մեջ պահպանել է իր դժբախտ, առասպելական պատմությունը: Չար վհուկի դյութելով, ամբողջ քաղաքը իր պարիսպներով, տներով և բնակիչներով անշարժ պղինձ է դառնում: Ասլանը ասում էր ինձ, այդ ավանդությունը ճիշտ է միայն այն կողմից, որ եթե այդ հողակույտերի մեջ փորվածքներ անելու լինեն, մետաղյա բոլոր առարկաները կգտնեն պղնձից շինված, որովհետև այդ ավերակները պատկանում են պղնձե դարաշրջանին: Եվ իրավ, որպես պատմեց մեզ մեր առաջնորդը, այնտեղ գտել էին զանազան պղնձե զարդեր, պղնձե զենքեր, պղնձե տնային կարասիք և մինչև անգամ պղնձե մարդիկ:
Հնությունների ավերակները և մարդիկների գերեզմանները իմ վրա միշտ միևնույն տպավորությունն են գործել: Երկուսի մեջ ևս տեսնվում է դադարած կյանքը, երկուսն էլ հիշեցնում են անցյալը, որ մի ժամանակ ապրել են, գործել են և, ժամանակի հետ քսվելով, մաշվել ու մեռել են, թողնելով միայն կենդանի հիշատակներ: Մարդ, նայելով իր նախահարց գերեզմանների վրա, մի առանձին հպարտություն է զգում, երբ մտաբերում է, որ նրանք իրանց ժամանակի ամենալավ մարդիկն են եղել: Գերեզմանի մեջ անգամ նրանց փոշիները պահպանում են