Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 15
Է
Կանանոցի չադրներից փոքր-ինչ հեռու կազմված էին երկու վրաններ, նրանցից մեկը փառավոր, ընդարձակ և գեղեցիկ էր, իսկ մյուսը փոքր և հասարակ: Առաջինի բարձր, նիզականման սյուները զարդարված էին ոսկեզօծ և գույնզգույն նկարներով. ներսը ուներ մի քանի բաժանմունքներ, որ ձևացնում էին մի փոքրիկ պալատ իր բոլոր հարմարություններով: Այնտեղ կար հյուրանոց, առանձնարան, քնարան, դիվանատուն, գանձարան և այլն: Բաժանմունքների վայելչության համեմատ, վրանի աստառը պատած էր Քիշմիրի թանկագին շալերով, Սպահանի ոսկեհուռ ղարբաֆներով կամ Հնդկաստանի մետաքսյա նուրբ գորվածքներով: Հատակը պատած էր Ֆերահանի նախշուն գորգերով: Թագավորական փառքի վայելչություն ունեցող այդ վրանը դրսից ֆերուզայի միակերպ գույն ուներ և կարված էր Քաշանի ամուր, անթափանցիկ ղադաքից: Նրա միջնասյունի գլխին ծածանվում էր մի կարմիր դրոշակ, որի վրա նկարված էր մի աջ. դա Աբութալեբի որդի Ալիի զորավոր ձեռքն էր, որ առաջնորդում էր խանին նրա բոլոր հաղթությունների մեջ: Վրանի առջև ցցված էին մի քանի երկաթյա թառիկներ, որոնց վրա հանդարտ, խոհական կերպարանքով նստած էին որսորդական բազեների ամենաընտիր տեսակները:
Գեղեցիկ թառլանը հպարտ վեհանձնությամբ նայում էր իր շուրջը, կարծես, կամենալով ցույց տալ իր պարանոցի թանկագին մանյակը, որ զարդարած էր խոշոր ալմաստներով: Բոլոր բազեները ունեին այսպիսի մանյակներ և յուրաքանչյուրի արժանավորության համեմատ, զարդարած էին գույնզույն գոհարներով: Նրանց ոտներին կապած էին ոսկյա փոքրիկ բոժոժներ, որոնք ամեն մի շարժման ժամանակ ճընկճընկում էին, մելոդիական մեղմ ձայներ էին արձակում: Մի ծիտ, մի աղավնի օդի միջով անցնելու ժամանակ, նրանք իսկույն բաց էին անում իրանց լայն թեքերը և նետի նման սլանում էին դեպի վեր, որ բռնեն, որ գիշատեն նրան: Բայց մետաքսյա ոտնակապը կրկին ցած էր քաշում նրանց և նստեցնում էր երկաթյա թառիկների վրա: Այս շատակեր թռչուններին շատ չէին կերակրում, և միշտ անհագ էին պահում, որ որսորդության ժամանակ ավելի սաստիկ ախորժակ ունենան բռնելու և գիշատելու: Այսպես պահում էր խանը և իր ծառաներին, այսպես պահում էր և իր որսորդական շներին: Այս վերջինները` թե՜ շները և թե՜ ծառանեքը, թիվ չունեին: Այնտեղ կարելի էր տեսնել արագավազ բարակներ, թանկագին վզնոցներով, որոնց նուրբ կազմվածք բաղկացած էր միայն ամուր ոսկրներից,