ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 26

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

մի մարդու համար չէր ուզում գնալ, իբր թե նրան ասել էր՝ մեկ-երկու հոգու էլ գտիր, այդ դեպքում կտանեմ: Թևանն ուրախությամբ հայտնում է, որ ինքը համաձայն է վճարել նրան ուզած գինը, միայն թե տանի: Մեր գործակալի հետ պայմանավորվում ենք՝ նրան սպասել Թեհրանից մոտ տասը-տասներկու կիլոմետրի վրա: Մեր մեքենայի շարժիչի ծածկոցը բարձրացրած կանգնել ենք, իբր, մեքենան փչացել է: Մեկ էլ տեսանք՝ հեռվից նրանց մեքենան երևաց: Տխուր տեսքով կանգնած ենք, և երբ նրանց մեքենան մոտեցել, դանդաղ անցնում էր մեր կողքով (նախօրոք պայմանավորվել էինք), բարձրաձայն, որպեսզի Թևանը լսի, Ղարաբաղի բարբառով ասացի. «Արա պա սհենց պեն կինի՝ մնացենք էս չոլումը»: Թևանը լսեց իմ խոսքերը, շտապ կանգնեցնել տվեց մեքենան և ուրախ տեսքով մոտեցավ մեզ՝ ասելով. «Պա ես մեռա՞ծ ըմ, որ տյուք չոլումը մնաք»: Չէր հասցրել թեքվել շարժիչի վրա, հետևի կողմից ամուր բռնեցի նրան, մյուս երկուսն էլ, ապրեն, իսկույն հասան՝ ձեռքերն ու ոտքերը կապեցինք: «Վահ, էս հի՞նչ նամարդ մարթ տյուս եկեք», – ասաց նա, բայց դե նրան լսողն ով էր, կոխեցինք մեշոկի մեջ, ամուր կապկպեցինք և այդպես էլ հասցրինք Թեհրան, որտեղից, Ալիևի կարգադրությամբ, ինքնաթիռով ուղարկեցինք Բաքու… Ոչ թե այսօրվա Ալիևի, այլ նրա աներոջ՝ Ազիզ Ալիևի կարգադրությամբ: Նա մեր միսիայի ղեկավարն էր Իրանում:

      Ծերունին լռեց, շունչը տեղը բերեց, ասաց.

      – Թևանը մանր ձեռնագրով գրած մի հաստ տետրակ ուներ՝ «Մոռացված հերոսը» վերնագրով: Հարցաքննության ժամանակ ոչինչ չէր խոստովանել, հենց այդ օրագիրն էլ ներկայացվեց նրան որպես մեղադրանք: Մի անգամ, – կրկին խնդմնդաց ծերունին, – հարցաքննության ժամանակ, որը տևել էր շուրջ երեսունհինգ ժամ՝ փոփոխվող քննիչներով, քննիչ Իշխանովը հանկարծ ննջում է: Բացում է աչքերը՝ Թևան չկա: Աղմուկ, իրարանցում, տագնապ քաղաքում՝ չկա: Առավոտյան հավաքարարուհին տեսնում է սանդուղքների տակ մի մարդ քնած: Թևանն է: Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, սպասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:

      – Բագիրովը, որի բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց մոտ հարյուր քսան հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիներ ու թալիշներ, նմանապես Բերիան և դու ինչո՞ւ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով ու մասնակցությամբ սրի քաշվեց Խնածախ, Դաշուշեն, Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն գյուղերի բնակչությունը, – անշտապ, կարծես ինքն իրեն հանգստացնելով ասաց Հուրունցը: – Հադրութի արևմտյան մասում գտնվող այդ Հարարը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղով Ղարաբաղը կապում էր Հայաստանին ու մինչև տասնութ թիվը հազար յոթանասունութ բնակիչ ուներ: Մուսավաթականներն ավերեցին այն, իսկ այնուհետև Միր-Ջաֆար Բագիրովի հրահանգով հայկական Հարարն իր ողջ մնացած ութսունհինգ հայ բնակչությամբ միացվեց այսօրվա Ֆիզուլիի շրջանին: Ի՞նչ իրավունքով արվեց դա: Ինչո՞ւ չբռնեցիք աչքի մեկը քոռ Սուլթանովին, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան գյուղերի ողջ բնակչությանը՝ սպանելով վեց հարյուր անպաշտպան կանանց ու

Скачать книгу