Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 10
Մի ամբողջ տարուց հետո ոսկերիչ Գրիգորի ընտանիքը այլևս յուր երջանիկ դրության մեջ չէր: Այստեղ ամեն բան այնպես փոխվել ու տակնուվար էր եղել, որ կկարծեիր, թե մի կործանող ոգի ծանրացել է այդ տան վերա: Կարծյաց և համոզմանց տարբերությունը, որ պառակտում է ամեն միություն, յուր ավերիչ ներգործությունը արել էր և այս ընտանյաց վերա: Տանուտերը կորուսել էր յուր առաջին զվարթ բնավորությունը: Նա դառնում էր տուն տխուր և մելամաղձիկ դեմքով, մի քանի րոպե հազիվ մնում էր յուր հարկի տակ և դարձյալ դուրս էր գնում այցելելու «եղբայրների» ժողովարանը: Մարիամը անդադար մտածելուց և իր կորուստը լալուց նիհարել էր, նրա վառվռուն այտերը դալկացել էին և գեղեցիկ աչքերը կկոցվել կնճիռներով: Ծնողաց հոգեկան տանջանքները ոչ սակավ ներգործել էին և երեխաների զվարթության վերա: Շատ հազիվ էր պատահում, որ նրանք զբաղվեին իրանց մանկական խաղերով մոր տխուր աչքերի առաջ, չնայելով, որ վերջինս բնավ այդ չէր արգելում նրանց: Բայց բոլորի մեջ ամենից ավելի տանջվում էր Մանիշակը: Սա գրեթե ամեն երեկո ներկա էր լինում ծնողաց տխուր վիճաբանություններին, որոնք շատ անգամ վերջանում էին կռվով: Այսպիսի երեկոները միշտ յուր մայրը լալիս էր և ինքը ընկերակցում էր նրան յուր լռիկ արտասուքներով: Ցերեկները նա մինչև անգամ չէր գնում հարևանի աղջկերանց հետ խոսելով կամ ժամանակ անցուցանելու, ինչպես առաջ սովորություն ուներ:
Այն օրից սկսած երբ յուր դրացի աղջկանց մեջ յուր ընկերակիցներից մեկը նրան վիրավորելու համար անվանեց նրան «լութերականի աղջիկ», նա այլևս ոչ մի ընկերուհու հետ չէր համարձակվում տեսնվել: Յուր ծաղկող հասակը, որ ավելացնում էր նրա գեղեցկությունը, չէր կարողանում հալածել այն անուշ տխրությունը, որը զգայուն աղջկա ճակատին դրոշմել էին ընտանեկան խռովությունները: Նա ամբողջ օրը զբաղված էր տան հոգսերով, և երբեմն միայն խոսակցում էր Աշոտի հետ, երբ նա խանութից դառնում էր տուն հայտնելու համար, որ այն երեկո յուր վարպետը հրավիրված է «եղբայրներից» մեկի տունը: Այս երիտասարդն էր մնացել միայն բոլոր բարեկամներից, որին մայրը և աղջիկը կարողանում էին բանալ իրանց սրտերը և հայտնել իրանց դեմ շատերին անծանոթ վշտերը…
Ահա այս պատկերն էր ներկայացնում ոսկերչի ընտանիքը նրա բողոքականություն ընդունելուց մի տարի հետո: Սակայն այստեղ էլ դեռ լրացած չէր այդ ընտանյաց թշվառության սահմանը, ճակատագիրը ավելի տխուր ապագա էր պատրաստել նրա համար:
Դ
Մի կիրակի առավոտ քարոզիչ Ավետիքը եկավ ոսկերիչի տունը և հայտնեց նրան, որ իրանց գլխավոր պաստորը Տփխիսից եկել է, ուստի ինքն էլ մյուս բոլոր «եղբայրների» հետ պիտի պատրաստվի նրա տեսության գնալու: Ոսկերիչ Գրիգորը նախ երկյուղ հայտնեց յուր տգիտությամբ մեծապատիվ պաստորի առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան