Պատմվածքներ. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 7

Պատմվածքներ - Մուրացան

Скачать книгу

իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին են դարձնում:

      Ավետիքի այս խոսքերը լուռ լսում էին բոլոր հյուրերը, միայն Համբարձումի համար յուր լռությունը շատ երկար թվաց: Նա քարոզչին ընդհատեց:

      – Դե բավական է, ի սեր աստծո, այստեղ ժամ չե՞ս շինելու, քարոզ ունիս, գնա քո «եղբայրներիդ» քարոզիր:

      – Դու էլ իմ «եղբայրն» ես, հարգելի պարոն Համբարձում, ուստի…

      – Աստված ոչ անե, որ ես քո «եղբայրը» լինեմ, այն ժամանակ ես էլ քեզ նման մի անամոթ մարդ կլինեմ:

      – Համբարձում, – հրամայող ձայնով դարձավ նրան տանտեր Գրիգորը, – ինչու համար հայհոյում ես իմ հյուրին:

      – Շատ լավ եմ անում, եթե դու էլ քո հյուրի քարոզներին հավանում ես, գնա նրա աղոթարանը, քեզ էլ այնտեղ ֆարմասոն կմկրտեն:

      Ավետիքը հրճվում էր Համբարձումի կոպտությունները տեսնելով տանտիրոջ հետ, որովհետև համոզված էր, որ դրանով վերջինս յուր կողմը կանցնի: Բայց կամենալով մատռվակին էլ գրգռել, ասաց.

      – Զարմանում եմ, որ պարոն մատռվակի ներկայությամբ այդ Համբարձումը կարողանում է այսպես անպատիժ անկարգություններ անել. միթե մենք բոլորս էլ այժմ նրա խոնարհ հպատակները չենք:

      – Ո՞վ է այդ խռովարարը, պետք է դուրս հանենք այստեղից, – կարծես քնից արթնացած գոչեց մատռվակը:

      – Այո՛, այո՛, պետք է դուրս հանել, – գոչեցին մի քանի տեղերից հյուրերը և միաբերան հաստատեցին, որ խռովարարը Համբարձումն է: Ուստի մատռվակի հրամանով զոռով դուրս հանեցին նրան մյուս սենյակը և ստիպեցին, որ քնե ու հանգստանա: Չնայելով, որ խեղճ Համբարձումը կաշվից դուրս էր գալիս համոզելու համար, որ ինքը չէ խռովարարը, այլ այն ֆարմասոնն է, որ ուր մտնում է երկպառակություն և բաժանումն է գցում, այսուամենայնիվ նրա ճիգը զուր, անցավ, սենյակի դուռը վերան փակվեցավ և նա ստիպված էր ժողովի վճիռը կատարելու համար կամա – ակամա այդտեղ քնանալու:

      Քարոզիչը այժմ ազատ շունչ քաշեց:

      – Ահա սիրելի եղբայրներս, – նորեն սկսավ նա խոսել` երբ խռովարարը մեջտեղից բարձվեցավ, – ձեր հոգևոր հայրերը այսպես են խնամում իրենց հանձնված հոտի անդամները: Դուք մեզ ավետարանական ու ֆարմասոն անվանելով մեզ վրա ծիծաղում եք, բայց մեր «եղբայրների» մեջ այստեղ խռովարար մարդիկներ չեն կարող գտնիլ, նրանք միշտ հեզ են, ողորմած, աղքատասեր, միով բանիվ այնպես՝ ինչպես հրամայում է նրանց լինել մեր Տերը: Եվ մենք մեր Տիրոջ սուրբ կամքից երբեք չենք շեղվում:

      Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին: Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար: Հետո նա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժոխքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր:

      Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն

Скачать книгу