Պատմվածքներ. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 24

Պատմվածքներ - Մուրացան

Скачать книгу

– գոչեց նա խելագարվածի պես, – ահա մեռնելու հարմար միջոցը»: Եվ առանց ուշանալու բարձրացավ գավթի անկյունում դրված սնդուկի վերա, քաշեց յուր մոտ առաստաղից կախված չվանը և նրա վերա կրկնածալ հանգույց շինելով՝ անցրավ պարանոցը, «Այժմ ես ձեզ հետ եմ, սիրելիներս»:

      Նա թափ տվավ ոտքերին և շրջվելով կախվեցավ օդի մեջ… Երկու անզոր ցնցումներից ետ լրթագույնը պատեց նրա երեսը, բերանից և ռունգերից սկսավ ժայթքիլ խեղդվող արյունը, և մի խուլ հռնդյունից ետ… նա հոգին փչեց…

      Հուղարկավորության ժամանակ ոսկերիչին սպառնացող երիտասարդները տուն դառնալով բոլորը միասին վճռեցին գնալ նրա մոտ և երեք զոհերի վրեժը հանել նրանից…

      Բայց նրանց զայրութը փոխվեցավ սարսափի, երբ նրան կախված գտան նախագավթի մեջ:

      Հայ անհիշաչար հոգևորականությունը առավ բողոքականության չորրորդ և ավելի թշվառ զոհի մարմինը և ամփոփեց յուր ընտանյաց հանգստարանում…

      Իսկ մեծապատիվ պաստորը շատ անտարբերությամբ լսեց այդ բոլոր թշվառության պատմությունը և միայն վերջումը բարեհաճեց ասել, որ «ոսկերիչը հիմարություն է արել իրան խեղդելով»:

      Ոսկերիչի երկու որդիներին յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պաստորի ձեռքով գրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլ չիմացվեցավ, թե աստծո ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ…

      ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

      ԾՈՎԻ ՎԵՐԱ

      1876 թվականն էր. մայիսյան մի հովաշունչ երեկո: Մեր շոգենավը հանդարտ սլանում էր Կասպից ծովի խաղաղ ալիքների վերա: Բնությունը շրջապատում էր մեզ յուր հրաշալիքներով: Նավի ձախ կողմից երևում էին մերթ կանաչազարդ բլրակներ` եզերված փոքրիկ գետակներով, մերթ ընդարձակ դաշտեր՝ որոնց ծանրաբեռնում էին հասկափունջ արտորաները, մերթ լայնանիստ հովիտներ, ուր զեղում և արածում էին ոչխարի բազմաթիվ հոտերը խառը տավարի նախրի հետ և հաճախ՝ մանր ու խոշոր լեռանց ապառվածները՝ ծառազարդ ստորոտներով, որոնք անընդհատ մեկը մյուսի ետևից վազում անհետանում էին մեր աչքերից: Սրանցից ավելի հեռու նշմարվում էին Կովկասի շղթայաշար լեռները՝ իրենց կոհակավետ գագաթներով` որոնք դեռևս ծածկված էին ձյունի սպիտակ սավանով: Իսկ աջ կողմից տարածվում էր ծովը յուր անսահման ալիքներով, որոնք հեզիկ հովի առաջ անընդհատ ծփծփում և տատանվում էին հազիվ լսելի ճողփյուններով: Արեգակը պատրաստում էր արդեն յուր հրեղեն գունդը հեռավոր լեռները ետքում ծածկելու և նրա վերջին ճառագայթները՝ անզոր այլևս մարդկանց աչքերը խտտղելու ոսկեզօծում էին միայն ծովի դալարագեղ ափերը և մեր նավի տախտակամածը, ուր անընդհատ վազվզում և անցուդարձ էին անում նավաստիները և ճանապարհորդները:

      Այդ ժամանակ ես կանգնած էի նավի ետևում, ուր սովորաբար ծածանում է եռագույն դրոշակը, և երեսս դեպի նավի ցռուկը դարձրած զմայլմամբ դիտում էի Կասպյան ծովակի գեղազվարճ ափերը: Մի սրբազան հափշտակություն տիրել էր իմ հոգվույն. նավը սլանում էր, և ես հետզհետե խորասուզվում էի հեռու հեռու հնադարյան անցյալի մեջ, երբ մարդկային կյանքը դեռ այս քան կերպարանափոխված չէր, երբ լուսավորությունը դեռ չէր հղացել յուր հրաշալիքները և ծովի ալիքների մեջ դեռ չէր վառվում Հեփեստոս հնոցը, որը այսօր յուր հսկայական և սոսկալի ուժով հաղթահարում է ծովի կատաղությունը

Скачать книгу