Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան страница 2
– Ատոնք գրելու հարկ չկա։
– Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան։
– Այնպես ընելու միտք ունիմ։
– Խոշոր գրերով գրե՛։
– Հանգիստ եղեք․ ամենեն խոշոր գրերով։
– Միայն հարուստ մարդերուն գալն և երթալն կը գրեք․․․ այնպես չէ՞։
– Այո։
– Եթե աղքատ մարդերն ալ կը գրեք, չեմ ուզեր, որ իմ անունս․․․
– Բնավ երբեք, ստակ չունեցողներուն անունները բնավ չենք գրեր, նույնիսկ եթե հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինության համար։
– Ըսել է որ դուք ամեն իրիկուն հոս կսպասեք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպեսզի ժողովուրդն գիտնա, թե ով եկած է և ով գացած է․․․ Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ։ – Այո՛, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը։
– Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։
– Շատ աղեկ, – ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան։
– Վաղը առտու լույսը չճղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրին մեջ։
– Իրիկվան դեմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։
– Որչա՛փ ուրախ կըլլայի, թե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք․․․ բայց վնաս չունի, իրիկվան թո՛ղ ըլլա, բավական է․ որ անունս խոշոր գիրերով գրվի։
– Այդ մասին հանգիստ եղե՛ք․ վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։
– Ընկալագրո՞վ․․․ Տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա․․․ Ընկալագիրն ո՞վ է, անունս գիտե՞․․․
– Ընկալագիրն թուղթ մ՚ է, որուն մեջ կը գրեմ «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն․․․ լրագրո տարեկան բաժանորդագին մեկ ու կես ոսկի» և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու։
– Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս։
– Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս՝ մեկ ու կես ոսկի վճարելով ինծի։
– Մեկ ու կես ոսկի՜՜․․․ շատ է․․․ երեք քառորդ ոսկի չբա՞վեր։
– Խմբագիրները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ․․․։
– Շատ լավ․ ղրկեցեք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք։
– Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր․ բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։
– Հայտնի բան է։
– Բնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։
– Չեմ անցուներ։
– Վասնզի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք․ ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնությանս մեջ չկա․․․ ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։
– Հասկցա, իբրև պատվավոր մարդ կուզեք ապրիլ։
– Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զրուցեք, վասնզի տեսակ մը բախտանդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ