Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան страница 3

Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան

Скачать книгу

անշուշտ իրար պիտի անցնին և հետաքրքրություն պիտի ունենան ինծի հետ տեսնվելու․ վաղը պետք է որ կիրակի օրվան հագուստներս հագնիմ և ոսկիե ժամացույցս ու շղթաս ալ դնեմ․ սպասավորներս ալ հետս բերելու էի․ ո՞վ գիտեր․․․։ Ամեն մարդ պիտի իմանա վաղը, որ մեծ մարդ մը եկած է Կ․ Պոլիս․ ազնվախոհ, ազնվասիրտ, լեզվագետ, ուսումնական, դաստիարակյալ, կրթյալ և այլն մեկը, և՛ յուրաքանչյուր կնիկ պիտի ըսե իր էրկանը․ «Մեր աղջիկը սա Աբիսողոմ աղային տանք»։ Էրիկն ալ պիտի պատասխանե կնկանը․ «Նայինք՝ Աբիսողոմ աղան մեր աղջիկը կառնե՞, անիկա հարուստ տեղե մը աղջիկ առնել կուզե հարկավ»։ Այս պատասխանին վրա էրկան և կնկան մեջ վեճ մը պիտի ծագի և իրարու գլուխ պիտի պատռեն․ որո՞ւ հոգ․․․։ Անունիս լրագրին մեջ անցնիլն սա օգուտն պիտի ունենա, որ երկու օրվան մեջ հարուստ աղջիկ մը առնելով պիտի լըմնցունեմ ամուսնության գործն, որու համար միայն եկած եմ հոս․․․ այս ամուս․․․»։

      Աղյուս բեռցված էշերու կարավանեն էշ մը բախվելով Աբիսողոմ աղային դեմ՝ ընդմիջեց զայն իր խորհրդածություններու մեջ, ուր ընկղմած ըլլալով ուշադրություն չէր ըներ առջևեն եկող էշերուն, որովք լի է միշտ Բերայի մեծ փողոցը։

      – Մեկդի կեցիր, – ըսավ իշավար պարսիկն Աբիսողոմ աղային՝ արդարացնել ուզելով յուր էշը։

      – Ատ խոսքը առաջ ըսելու էիր, որ զգուշանայի, – պատասխանեց Աբիսողոմ աղան և ճամփան շարունակեց։

      Բ

      Բեռնակիրներն ոչ լսած և ոչ ալ տեսած էին Ծաղկի փողոցն, բայց քաջալերվելով կարգ մը մարդերեն, որք գիտնալ կը ձևացունեն, ինչ որ չեն գիտեր, և որք խիստ բազմաթիվ են մեր ազգին մեջ, համարձակած էին ըսել Աբիսողոմ աղային, թե շատ աղեկ գիտեին Ծաղկի փողոցը։

      Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարակության խնդիր կը հուզեն, կամ զավակ մ՚ ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր աշիարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։ Եվ արդարև բեռնակիրներն, ամեն քայլափոխին, իրենց դեմն ելնողներուն հարցունելով՝ անմիջապես գտան Ծաղկի փողոցն և թիվ 2 տան դուռը զարկին․ մինչդեռ ես շատ ատենաբաններ մտիկ ըրած եմ, որ յոթը–ութը ժամ շարունակ խոսելով՝ չեն կարողացած իրենց փնտրած փողոցը գտնել և ստիպված են ուրիշ փողոցներու մեջ թափառիլ և թափառեցնել իրենց ունկնդիրներն՝ անոնց քթեն բռնելով։

      Բեռնակիրները դուռը զարնելուն պես դուռը բացվեցավ և ներկայացավ իրենց թուխ և երկար դեմքով կին մը, որուն դեմքին վրա ժամանակն այնքան գծեր գծած էր զայն սրբագրելու համար, որքան որ կը գծե «Մասիսի» խմբագիրն յուր չորս տող մեկ ձեռագրին վրա, որ կամ մեկուն վախճանիլը կիմացունե և կամ ուրիշի մը կարգվիլը։

      Բեռնակիրները դռնեն ներս մտնելով բեռները գետինը ձգեցին և սկսան իրենց քրտինքը սրբել։

      – Աբիսողոմ աղային ըլլալու են ասոնք, այնպես չէ՞, – հարցուց բեռնակիրներուն թխադեմ տիկինը։

      – Անունը չըսավ մեզի, – պատասխանեց բեռնակիրներեն մին՝ սև թաշկինակովն գլխուն քրտինքը սրբելը շարունակելով։

      – Ի՞նչ

Скачать книгу