Սալբի. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Սալբի - Րաֆֆի страница 5

Սալբի - Րաֆֆի

Скачать книгу

հոգնեց, եկավ նստեց Լուսաղբյուրի մոտ, որի ափերը հովանավորված էին ուռենիներով: Ձեռքերով գրկելով յուր ծնկները, նա նստած ականջ էր դնում ջրի կախարդական քչքչալուն-փչփչալուն, որ այնպես հիանալի կերպով լսելի էր լինում գիշերային խորին լռության մեջ: Լուսինը վառեց յուր պայծառ ճրագը՝ հսկելու աշխարհի խավար տան մեջ: Բնության օրհներգուները հնչեցրին անտառի խուլ լռությունը՝ փառաբանելով գիշերվա լուսատուն: Բայց վարպետ Պետրոսի սիրտը չէր զգում ոչ մի ուրախություն, նա ընկղմված էր դառն, մելամաղձային տխրության մեջ:

      Երբեմն նա իր հետաքրքիր աչքերը դարձնում էր դեպի վանքի արևելյան կողմը – Ավետյաց բլուրի վերա, յուր մտքի մեջ պատկերացնելով այն կրոնական ժամանակների հոգին, երբ այդ սարի վրա բնակվում էին վրանների մեջ չորս հարյուրի չափ ճգնավորներ: Երբեմն նայում էր Ավետյաց բլուրի հյուսիսային կողմը, դեպի Հավատամ բլուրը, որից, սուրբ Լուսավորչի հրաշքով` ինն աղբյուրներից պարզ և հստակ ջուր է վազում, այդ առվակները միախառնվելով անցնում են վանքի միջով: Երբեմն էլ նրա տեսողությունը հրապուրում էր վանքի հարավային կողմում մի փոքրիկ մատուռ, ուր ճգնում էր յոթն խոտաճարակ աբեղաների միաբանությունը, այստեղ այժմ էլ կարելի էր տեսնել Անտոնի և Կրոնիդեսի դամբարանները:

      Այդ հրաշալի տեսարանը, որ ամեն մի րոպե հազարավոր սրբազան զգացմունքներ էր ծնում նրա հոգու մեջ՝ պատկերացնելով նրա ուղեղի մեջ բազմաչարչար Լուսավորչի և նրա հզոր օգնականի ծաղկավետ աշխատությունները քրիստոսական կրոնի համար – երբեք չկարողացան ցրվել տխրության սևաթույր թուխպերը, որ կիտված կուտակված էին վարպետ Պետրոսի սրտի վրա:

      Երկար ժամանակ նա նստած էր այսպես և դառն կերպով լաց էր լինում, մինչև մի անհանգիստ քուն, որ ավելի նման էր մի ջերմախտական թմրության – տիրեց նրան, նա այնպես, բաց ընկողմանեցավ արձակ օդի մեջ:

      Արդեն լուսո աստղը – Արուսյակը փողփողում էր դեռևս նոր բարձրացնելով յուր գլուխը սարերի գագաթներից: Թռչունների հազարավոր տեսակները պատրաստվում էին փառաբանելու տվնջյան լուսատուն: Վարպետ Պետրոսը զարթնում է քնից: Այժմ նրա դեմքը արտահայտում էր ուրախություն, նա հանդարտ էր որպես պայծառ երկինքը: Հանկարծ նա լսում է մի ձայն.

      – Բարև, եղբա՛յր:

      – Աստծո բարին քեզ, մահտեսի Ավետիս, հազար բարի, – պատասխանում է վարպետ Պետրոսը ուրախությամբ ողջունելով:

      – Երևի շատ ժամանակ է, որ այստեղ նստած եք, – ավելացրեց մահտեսի Ավետիսը. – ես զարմացա, երբ զարթնելով ձեզ չգտա վրանի մեջ:

      – Դուք տակավին քնած էիք, երբ ես կեսգիշերին զարթեցա քնից. խառնափնթոր երազներ խռովեցրել էին իմ միտքը, և իմ սիրտը սաստիկ վրդովված էր: Երկար նստեցի անկողնիս մեջ, կարդացի իմ առավոտյան աղոթքները, բայց և այնպես որևէ թեթևություն չզգացի, ավելի և ավելի անհանգիստ էի լինում: Կրկին գլուխս բարձին դրի, բայց քունը վաղուց փախել էր իմ աչքերից: Ես վճռեցի դուրս ելնել վրանից, մի փոքր ազատ շունչ առնել և կազդուրել իմ զորությունը: Երկար, ես անխորհուրդ և աննպատակ թափառում էի գիշերային խավարի մեջ մինչև եկա այս աղբյուրի մոտ, դրա սառն ջրով լվացի երեսս. հոգիս մի փոքր զվարթություն զգաց: Ես ախորժանոք լսում էի թռչունների տաղերգը, որ եղանակում էին ուռենի ճյուղերի վրա նստած: Այդ քաղցրալուր ձայները կախարդական զորությամբ թովեցին իմ ուշադրությունը,

Скачать книгу