Սալբի. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Սալբի - Րաֆֆի страница 7
Մի գիշեր վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը՝ երկուսը միասին` նստած խոսում էին և փոքրիկ Սալբին նրանց ականջ էր դնում:
– Վա՛յ խեղճիկ, ի՛նչպես մեռավ Մեհրապենց հարսը, – ասաց հանկարծ տիկին Թարլանը ափսոսելով:
Մեհրապենց հա՞րս, մեռա՞վ, – հարցրուց վարպետ Պետրոսը զարմանալով:
– Հա՛, այսօր իրիկնապահին. բայց ափսո՛ս, ինչ ազնիվ հոգի էր այդ չքնաղագեղ կնամարդը: Այո՛, նա մեռավ իր ծաղկափթիթ հասակում…:
– Ափսո՛ս, ափսո՛ս, – կրկնեց վարպետ Պետրոսը. վա՛յ նրա անբախտ տղամարդին… բայց չգիտե՞ք նրա մահվան պատճառը:
– Յուր տղայի ծնունդը. չկարողացավ ազատվել:
– Ա՛խ, ո՛րքան անմեղ տղաներ և ո՛րքան խղճալի մայրեր փչացրել են և պիտի փչացնեն այդ անգութ մանկաբարձ պառավները իրանց հիմարությամբ…:
– Մանկաբարձ պառավը մեղ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), – առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով:
– Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները:
– Որպիսի՞ զգուշություններ:
– Ահա այդպիսի. – շուրջանակի խազել տան մեջ, չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն: Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դռնից մտնել և մերձենալ ծննդկանին: Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ Ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան: Իսկ երբ ազատվել է ծնընդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անունները – Սանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»:
– Ո՞վ է այդ «Լիլիթը», – նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը:
– Միթե չգիտե՞ք, – խոսեց վարպետ Պետրոսը, – Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին: Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՜յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:
– Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան9:
Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.
– «Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկեր – Լիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից: «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»: Այն ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներ – Սանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ: Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ.