Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 23
Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ: Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ: Բայց ես չգիտեմ, ի՛նչ էր պատճառը, որ կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա բարձրացնելու, մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտված – ձեռքը: Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի ո՛ր կողմը և դառնում էր, իր առջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին: Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց: Ասլանը, ասլանի3 ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքը կոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում: Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում: Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով. ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս4, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր: Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ: Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես… Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ի՛նչով էի օգնում ընկերներիս. – ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց:
Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել:
– Դուք էլ քարերով… – ձայն տվեց Կարոն:
Մենք կատարեցինք նրա հրամանը: Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել:
Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածքից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանը մնացել է մինչև այսօր, այն օրվանից ստացված է:
Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր «հիմարությունը»: Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ, որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը: Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին, այլ մեղադրում էր ինձ թե ինչո՞ւ ես մասնակցեցի կռվի մեջ: Այդ պատճառով կսեց սաստիկ անիծել ինձ.
«Գետինը մտնես… գրողը տանե քեզ… չար սատանա… պատանդ կարեմ… անիծված… նաշդ տեսնեմ»… և այլ այսպիսի խոսքեր:
Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի: Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից: Ինձ պատմեցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան: Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել… Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար… մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը…
Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար: Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցին վախենալ մեզանից և ավելի