Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 20
– Ես առանց այդ ևս ամեն օր իմ նամազների մեջ հիշում եմ ձեզ, – ասաց իմամը իր հատուկ բարեսրտությամբ:
Խանը լուռ գլուխ տվեց ի նշան իր շնորհակալության:
Իմամը վաթսուն տարին անցրած մի չոր ու ցամաք ծերունի էր, ոտքից մինչև գլուխը սպիտակ հագնված, որպես վայել էր այդ նրա բարեպաշտությանը: Նրա գլխի ճերմակ չալման մի ահագին կաղամբի էր նմանում, իսկ մեջքի հաստ գոտին, փրփուրի պես սպիտակ և նուրբ գործվածքից, դիզվել էր փորի վրա: նա տասնևերկու կնիկներ ուներ, իսկ այդ հասակում կամենում էր պսակվել մի դեռահաս, տասնևչորս տարեկան աղջկա հետ, հույս դնելով իր դերվիշի հրաշալի մաջունի վրա, որը պետք է վերադարձներ նրա մանկությունը, և նրան մի առույգ երիտասարդի սիրտ և ուժ պիտի տար: Նա բոլորովին հավատում էր իր վերածնելությանը, թեև հրաշալի մաջունը նրան շատ թանկ պիտի նստեր, թեև բոլոր գոհարեղենները պիտի մտնեին խորամանկ դերվիշի գրպանը, որը բժշկության մեջ իրան մի նոր Լոկման էր ներկայացնում:
– Այդ դերվիշը, – խոսեց իմամը, – սքանչելի բաներ գիտե, նա խոստանում է ինձ համար մի դարման շինել, որը մի անգամ ընդունելուց հետո բոլոր սպիտակ մազերը սև գույն կստանան: Գիտե և մի ուրիշ դարման, որ կյանքը հարյուրավոր տարիներով երկարացնում է:
– Ինչու՞ չեք շինել տալիս, – հարցրեց խանը:
– Նյութերը հազվագյուտ են և ըստ մեծի մասին թանկագին:
– Այսպիդի դարմանները պատրաստվում են գլխավորապես գոհարեղեններից:
– Այո՜, գոհարեղեններից:
Խանը դարձյալ կրկնեց, թե բոլորը իմամը կարող է ստանալ իրանից, և խնդրեց դերվիշին իր մոտ ուղարկել, հայտնելով, թե ինքն էլ նպատակ ունի նույն մաջունները պատրաստել տալ իր համար, և այսպիսով մի օգուտ հասցրած կլինի դերվիշին, որը իմամի թե՜ բժիշկը և թե՜ հյուրն է: Մի խոսքով, խանը աշխատում էր ամեն տեսակ հաճություն ցույց տալ այդ սպիտակեղենների մեջ փաթաթված, չորուցամաք ծերուկին, որ բովանդակում էր իր մեջ ամբողջ ցեղի հավատը և համակրությունը: Խանը այնքան վարպետ էր, որ գիտեր, թե այդ մարդուն գրավելով, ամբողջ ժողովուրդը իր ձեռքում սանձահարված կարող էր պահել:
Մի մարդ միայն այդ վրանում իր մտքում ծիծաղում էր այդ բոլոր խոսակցությունների վրա, – դա մունշի-բաշին էր: Նա խիստ դժգոհ էր, որ իմամի այցելությունը խանգարեց իր բացատրությունները հայերի հարստահարության մասին, և բարկությունից, հանեց իր ծոցից մի փոքրիկ, ոսկյա տուփ, և նրա միջից վեր առնելով ափիոնի երեք հատ խոշոր գնդակներ, դրեց բերանը, կուլ տվեց:
– Միրզա-Ջաֆարը – այսպես էր մունշի-բաշիի անունը – արդեն կուլ տվեց իր մաջունը, – նկատեց իմամը հեգնական եղանակով:
– Այո՜, – պատասխանեց նույնպես հեգնական ոճով քարտուղարը, – այդ է իմ մաջունը, թեև չէ մանկացնում, բայց գոնե մոռանալ է տալիս ինձ աշխարհի վշտերը…
– Մի՞թե դուք էլ վշտեր ունեք, – հարցրեց իմամը ծիծաղելով:
– Ես վշտեր չունեմ, բայց ուրիշի վշտերը նեղացնում են ինձ… – ասաց նա փիլիսոփայական զվաճախոսությամբ, – աշխարհի մեջ շատ չար ու բարի եմ տեսնում… կան մարդիկ, որ ամեն հնարներ գործ են դնում իրանց կյանքը երկարացնելու համար, որ ավելի շատ վայելեն