Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 19
Տեսնելով երկու մելիքներին, որոնք հանդիսավոր կերպով իր մոտ էին գալիս, խանը մի առանձին հեգնական ժպիտով դարձավ նրանց, ասելով.
– Տեսա՞ք, ինչ արեցին այդ հիմար հայերը…
Երկու մելիքները մինչև գետին խոնարհվելով, գլուխ տվեցին: Խանի ժպիտը քաջալերեց նրանց, և մելիք Դավիթը, օգուտ քաղելով նրա ուրախ տրամադրությունից, պատասխանեց.
– Հային ո՞վ է տվել խելք, եթե հայերը խելք ունենային, էլ ինչու՞ էին հայ լինում…
«Ուրացողի» շողոքորթությունը բավական դուր եկավ խանին, որը ձեռքը դնելով նրա ուսի վրա, ասաց.
– Այդ իրավ է, Բաղր բեկ (պարսիկները այսպես էին կոչում նրան), – եթե հայերը խելք ունենային, կհետևեին քո օրինակին, կընդունեին մեր սուրբ կրոնքը, և համ այս աշխարհում, համ այն աշխարհում վայելչություն կունենային: – Այսպես չէ՞ մելիք Ֆրանգյուլ. – հարցրեց նա վերջինից:
Մելիք Ֆրանգյուլը դարձյալ գլուխ տվեց, ասելով.
– Այո՜, խան, այդպես է, քո ոտքին մատաղ:
Խանը մտավ վրանի այն մասը, որ հատկացրած էր դիվանի համար: Նա նստավ իր համար առանձին պատրաստած թանկագին օթոցի վրա և հրավիրեց երկու մելիքներին նույնպես նստել: Նրանք տեղավորվեցան խանից ցած: Խանի դրանիկներից նրա մոտ նստեց միայն մունշի-բաշին, իսկ մյուսները ոտքի վրա կանգնած մնացին վրանի առջև: Այդ միջոցին անցավ այնտեղից ծերունի Ահմեդը, և հեռվից լուռ աչքով ակնարկելով խանի մանկահասակ սպասավորներից մեկին, կանչեց իր մոտ:
– Սալամ, – ասաց նրան, – ահա քեզ տասն ոսկի. այդ մարդիկը ինչ որ խոսելու լինեն խանի հետ, շուտով խաբարը կբերես ինձ: Նա ցույց տվեց երկու մելիքների վրա:
– Փողը ի՞նչ անեմ, – պատասխանեց կանացի դեմքով գեղեցիկ սպասավորը, – քեզ մի ծառայություն անելու համար ես ամեն բանի պատրաստ եմ:
– Ոչ, ընդունիր, ինչ որ քեզ ասում են` այն լսիր. ոչ մի խոսք չես փախցնի ականջիցդ, բոլորը կպատմես ինձ:
Սալամը խանի համար ղեյլան մատուցանող սպասավորն էր, որ միշտ կանգնած էր լինում նրա սպասին: Նա առանց կաշառք ևս ընդունելու ծերունի ներքինապետից, միշտ պատրաստ էր կատարելու հարեմի այն հզոր իշխանի կամքը, որից բոլոր ծառայողները դողում էին:
Խառնիճաղանջ բազմությունը վրանի առջևից քաշվեցավ դեպի նրա ետևի կողմերը, նստեցին խոտերի վրա, որ խանի աչքին չընկնեն: Իսկ վրանի մուտքի աջ և ձախ կողմերը կանգնած մնացին ֆարրաշները, շաթրները և մյուս ծառայողները:
Խոսակցությունը կրկին դարձավ հայերի վրա:
– Ֆարրաշբաշի, – ձայն տվեց խանը, – դուք չգիտե՞ք պատճառը, թե ինչու՞ համար այդ հայերը իրանց այրեցին:
Ֆարրաշբաշին մոտեցավ, գլուխ տվեց, և շփոթված տատանվում էր, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել: Վերջապես ասաց նա, թե ինձ ոչինչ հայտնի չէ:
– Ես գիտեմ… – մեջ մտավ մունշի-բաշին, խանի առաջին քարտուղարը:
Այդ մարդը, որ ամբողջ մարմնով թունավորված էր անդադար ափիոն ուտելով, որի ձեռքերը դողում էին շատ արագ խմելուց, բայց որպես գրագետ, որպես շատ կարդացած մարդ, համեմատաբար ավելի բարոյական էր, քան թե մյուս բոլոր ծառայողները: Նա պատկանում էր պարսից