Դավիթ Բեկ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 34

Դավիթ Բեկ - Րաֆֆի Столетие геноцида армян

Скачать книгу

և Բարգյուշատն է՞լ ձեռք գցել: Այդ չես կարող հաջողեցնել: Այդ երկու գավառները պատկանում են այն պատանուն, որի հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր: Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը…

      Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկինի զարթեցրին նրա մեջ վաղեմի դառն ատելությունը դեպի իր հայրը: Մելիք Դավիթը մի քանի րոպե մնաց շանթահարի նման պապանձված, և ոչ մի խոսք չգտավ պատասխանելու: Ո՞րտեղից հայտնվեցավ այդ սատանան. մի՞թե նա լսում էր դրսից իր բոլոր խոսակցությունները: Մելիք Դավիթը պատրաստ էր իր սուրը նրա կողքը խրել, այդ կլիներ ամենաազդու պատասխանը նրա կարծիքով, բայց խանի ներքինապետի վրա ձեռք բարձրցնելու չափ նա քաջություն չուներ: Այդ պատճառով ասաց նա չար ծաղրածությամբ.

      – Մի հայ, որին կոչում են Ահմեդ, փոխանակ ուրիշներին խրատներ տալու, ավելի լավ կանե, եթե նախ ինքը գնա, մտնե Տաթևի վանքը և կրկին ընդունե քրիստոնեությունը…

      Մելիքի ակնարկությունը չափազանց վիրավորական էր: Ներքինապետը կծու կերպով պատասխանեց նրան.

      – Ես այդ վաղուց կանեի, եթե հարկադրված չլինեի, Ահմեդ անվան տակ ծածկվելով, պաշտպանել իմ ազգայինների ձեզպիսիների չարագործություններից: Ես հույս ունեմ, որ մեր Լուսավորիչ պապը կներե ինձ, որովհետև երբեք դավաճանած չեմ նրա եկեղեցուն, այլ որքան կարողացել եմ, պահպանել եմ նրա գառները ձեզ նման գայլերից…

      – Եվ դու կվարձատրվես այդ ծառայություններիդ համար…

      – Չլինի՞ թե դիտավորություն ունես ինձ ևս մատնելու, – խոսեց ներքինապետը զայրացած կերպով. – հրամայեցեք, ճանապարհը ձեզ ցույց կտամ…

      Մելիքը վեր կացավ և մրթմրթալով հեռացավ: Սյուրին և ներքինապետը մնացին միայնակ:

      – Դու իզուր բարկացրիր նրան, Ահմեդ, – ասաց տիկինը. – նա ամեն բան պատրաստ է անել:

      – Անհոգ կացեք, տիկին, ոչինչ չի կարող անել, – պատասխանեց ներքինապետը հանգստությամբ: – Նա ունի ինձ մոտ մի այնպիսի գաղտնիք, եթե խանին հայտնելու լինեմ, իսկույն նրան գլխատել կտա: Ես հենց այս գիշեր նրան զգալ կտամ, որ նրա կյանքը իմ ձեռքումն է, և նա լեզուն կքաշե…

      Խորին տխրության մեջ սկսեց տիկինը դիմել դեպի իր վրանը: Նա իրան այնքան անբախտ էր զգում, որ լսում էր իր հոր մասին հարյուրավոր վիրավորական խոսքեր, բայց բարկանալու իրավունք չուներ: Ի՞նչ կարող էր ասել դառն ճշմարտությունների դեմ: Նա ուներ մի հայր, որը ոչ երկնքում և ոչ այս աշխարհում ոչ մի հատիկ բարեկամ չուներ, որին դավաճանած չլիներ: Նա մինչև անգամ հանցավոր էր խանի մոտ, որի բարերարությունները վայելում էր:

      ԺԲ

      Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից: Նա գնացել էր խանի մոտ խնդրելու, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնե, բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար:

      Դուրս գալով խանի վրայից, նա. մոլորվածի նման, չգիտեր դեպի ո’ր կողմը գնալ:

Скачать книгу