Միշտ, անընդհատ կերպով վայելում էին նրանք իրանց շուրջը պատած անսպառ բարությունները, բայց ոչ հագենում էին և ոչ ձանձրանում: Ամեն մի առարկա նոր ուրախություն, նոր բերկրություն էր բաշխում նրանց: Միօրինականություն չկար: Միևնույն առարկան ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան առանձին կերպարանքով էր ներկայանում նրանց, և ամեն անգամ իր հետ բերում էր նոր հրապուրանք, նոր հրաշալիք: Գեղեցիկ, մշտադալար աղջիկները պահպանում էին իրանց հավերժական կուսությունը, որպես նրանց շրջապատող քնքուշ վարդերը, որոնք ոչ թառամում էին և ոչ փոխում իրանց գույնը: Ժամանակը չէր հնացնում նրանց, այլ օրըստօրե մանկացնում էր, բաշխելով նոր թարմություն և նոր չքնաղություն: Նրանք բոլորը ծառայում էին տղամարդերին: Տղամարդերից ամեն մեկը կարող էր ունենալ նրանցից, որքան և կամենար: Գիշեր կամ խավար չկար այնտեղ: Մանիշակագույն պարզ երկնքից արեգակը մշտապես թափում էր իր լուսափայլ ճառագայթները: Ամբողջ տարին տիրում էր կանաչ գարուն, և անձրևի փոխարեն հոտավետ ցողը զովացնում էր ճոխ բուսականությունը: Մարդիկ այնտեղ հոգ կամ վաստակ չունեին. հրաշագործ բնությունը, ինքնահորդոր կերպով, ինքն էր արտադրում ամենը, ինչ որ պետք էր մարդուն: Ամեն կողմից, հրեշտակների հոգու հետ, շնչում էր գոհություն, սեր և խաղաղություն: Ամեն կողմից լսելի էր լինում օրհնություն և փառաբանություն արարչին, որ պատրաստել էր այդ բոլորը: Այնտեղ չարություն, նախանձ, ատելություն չկար: Այնտեղ գայլը գառի հետ միասին էին ապրում: Եվ ի՞նչ առիթ ունեին կռվելու. ամեն ինչ առատ էր, ամեն տեղ տիրում էր անսահման լիություն: Պետք, կարիք կոչված բաները այնտեղ չկային: Ինչ որ ցանկանում էր մարդ – աչքի առջևը պատրաստ էր: Պետք էր կամենալ միայն, իսկ կատարածը չէր հապաղում:
Մելիք Ֆրանգյուլը իր պատանեկության հասակում, գերի ընկած լինելով Պարսկաստանում, երիտասարդությունը անցուցել էր Սպահան քաղաքի մեջ: Այնտեղ մահմեդականություն ընդունելով, ծանոթացավ պարսից գրականության և լեզվի հետ: Այդ հանգամանքները իմամին հայտնի չլինելով, նա բոլորովին զարմացավ. տեսնելով մի հայ, որ այնպես գեղեցիկ լեզվով նկարագրում էր իր երազը: Նա չկարողացավ համբերել, ընդհատեց նրա պատմությունը, ասելով.
– Երանություն եմ տալիս քեզ, ով երջանիկ մարդ, որ դուք բախտ եք ունեցել տեսնել Մուհամմեդի դրախտը, որ նա պատրաստել է իսլամի արդարների համար: Դա մի հրաշալի նշան է, որով մարգարեն կոչում է ձեզ իր գիրկը, մասնակից անելու այն բոլոր բարություններին, որ ուղղափառներըմիայն իրավունք ունեն վայելելու:
– Ես բոլորը չպատմեցի ձեզ, տեր, – պատասխանեց մելիքը տխուր ձայնով, – լսեցեք, թե նրանից հետո ինչ տեսա:
Նա շարունակեց:
– Երբ ես հիացած, խորին հոգեզմայլության մեջ նայում էի այն անհուն վայելչություններին, հանկարծ ոգիներից մեկը մոտեցավ ինձ, ասաց. «Ով մարդ, այստեղ անմաքուրների տեղը չէ, հեռացեք շուտքվ, այստեղ ապրում են սուրբերը միայն»: Երբ ես փոքր-ինչ հապաղեցա կատարելու նրա հրամանը, նա բռնեց իմ մորուքից, և հողաթափի հատի նման ձգեց օդի մեջ: Նրա բազկի թափը այնքան սաստիկ էր, որ ես երկար մղվում էի օդի մեջ, թողնելով իմ ներքև լայնատարած ծովեր, ահագին լեռներ և ընդարձակ դաշտեր: Վերջապես ես ցա ընկա մի անապատի մեջ, որ ծածկված էի վայրենի փշերով և ծակոտող տատասկներով: