Հին աստվածներ. Լեւոն Շանթ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Հին աստվածներ - Լեւոն Շանթ страница 4
ԿՈՒՅՐԸ – Ան, ինչ որ հոդ խորքը, խորքը:
ԱԲԵՂԱՆ – Խորքը, խորքը…
ԿՈՒՅՐԸ – Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ – Ո՞վ կրնա տեսներ այդքան խորքերը, ով կրնա ըսեր այդքան խորքերը:
ԿՈՒՅՐԸ – Իսկ ես կտեսնեմ, ես կըլսեմ:
ԱԲԵՂԱՆ – Դո՞ւն կույր (Երգիծանքով): Հապա ըսե, նայիմ, ինչ որ կտեսնես:
ԿՈՒՅՐԸ – (Հատիկ-հատիկ) Լաստին վրա, երբ ձեռքիդ թին ջուրը կպատռեր, ո՞վ էր հոգիիդ մեջ:
ԱԲԵՂԱՆ – (Վախեցած) Լռե:
ԿՈՒՅՐԸ – Որո՞ւն համար այնպես կթպրտար սիրտդ, շրթունքիդ` ինչ բառ էր փակած, երբ շուրջդ ամենքը Աստված կկանչեին, երբ դեմդ փոթորիկն էր, որ կծառանար:
ԱԲԵՂԱՆ – (Սարսափահար) Երնեկ բաց ըլլային աչքերդ, որ չտեսնեիր, չտեսնեիր…
ԿՈՒՅՐԸ – Երբ բոլոր հայացքները երկինք էին վերացած, երբ ամենքը կսպասեին վերին օգնության, ո՞ւր էին սևեռած քու աչքերդ, ո՞վ էր ան, որուն առջևը հոգիդ ծունր էր իջած:
ԱԲԵՂԱՆ – Լռե, լռե, դուն իրավունք չունիս ամեն բան տեսնելու, կարելի չէ ամեն բան տեսնել:
ԿՈՒՅՐԸ – (Անողոք) Ըսե, ի՞նչ էր ուզածդ, ի՞նչ կփնտրեիր:
ԱԲԵՂԱՆ – (Աղերսով) Չգիտեմ, ոչինչ, չգիտեմ, հերիք է:
ԿՈՒՅՐԸ – Իսկ ծովուն մեջ, երբ ան օձի մը պես վզիդ փաթթված, մարմինը մարմնիդ, շունչը շնչիդ, երբ դուն ամեն ինչ մոռցած ալիքները կպատռեիր, ըսե, նորե՞ն չգիտես, թե ինչ կուզեիր:
ԱԲԵՂԱՆ – (Երազկոտ) Ոչ, կհիշեմ: Կհիշեմ, ամբողջ էությամբս կցանկայի` որ ալ վերջ չունենար այդ թաց ճամփան, ալ վերջ չունենար այդ վայրկյանը:
ԿՈՒՅՐԸ – Ամբարիշտ:
ԱԲԵՂԱՆ – (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը
ԿՈՒՅՐԸ – Ամբարիշտ:
ԱԲԵՂԱՆ – (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը
ԿՈՒՅՐԸ – Ու հասար ափը: Եվ երբ առին քո բեռդ թևերիդ ու դուն ուժասպառ ինկար ավազին, արդեն դիակ մըն էիր անկենդան:
ԱԲԵՂԱՆ – Ճշմարիտ է, ինծի այդպես զգացի:
ԿՈՒՅՐԸ – Դիակ մըն ես դուն և հիմա: Մարմին մը, ուրկե ելեր է Աստծու շունչը:
ԱԲԵՂԱՆ – Ախ Աստված իմ, կորուսի հոգիս:
ԿՈՒՅՐԸ – (Ոտքի ելլելով) Ինկիր գետին ու կոծե, քուրձ հագիր ու ապաշխարե, իսկ ամենեն առաջ գնա իսկույն վանահոր մոտ ու խոստովանե:
ԱԲԵՂԱՆ – Խոստովանի՞մ, վանահո՞րը, ի՞նչը, ինչո՞ւ: Ա, ամեն, ամեն բան, բայց այդ մեկը երբեք: Երբեք: Եվ դուն ալ, հայր սուրբ, չլլա, թե…
ԿՈՒՅՐԸ – Ես կույր եմ, խուլ ու համր, բայց գնա ինքդ վանահոր մոտ ու ինքնակամ խոստովանե:
ԱԲԵՂԱՆ – (Կտրուկ) Վանահորը երբեք:
ԿՈՒՅՐԸ – Կվախնա՞ս:
ԱԲԵՂԱՆ – Ոչ: Բայց… բայց…
ԿՈՒՅՐԸ – Իհարկե, դուն կուզեիր պահես թաքուն սրտիդ մեկ հեռավոր խորշին մեջ քու այդ փոքրիկ նոր սրբությունդ, պահես և երկրպագես ծածուկ:
ԱԲԵՂԱՆ – Գթա, գթա ինծի, անողոք:
ԿՈՒՅՐԸ – Իսկ դուն քեզ կգթա՞ս, կռապաշտ: Հիշե պատվիրանը. “Մի եղիցին քեզ այլ Աստուած բաց յինեն”:
ԱԲԵՂԱՆ – (Կակազելով) Մի եղիցին… մի եղիցին…
ԿՈՒՅՐԸ – (Շեշտելով) “Մի արասցես քեզ կուռս ըստ ամենայն նմանության որ ինչ երկինս ի վեր է և որ ինչ յերկրի ի խոնարհ և որ ինչ ի յուրս ի ներքո երկրի…”:
ԱԲԵՂԱՆ – (Դողդոջ) “Եվ որ ինչ ի ջուրս ի ներքո երկրի”:
ԿՈՒՅՐԸ