Հին աստվածներ. Լեւոն Շանթ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Հին աստվածներ - Լեւոն Շանթ страница 6
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ի՞նչ կուզեն մեզմե, և անպատճառ մեզմե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Անապատ եկողը եկեր է սատանայեն փորձվելու, ինչպես որ ինքը Տերն մեր Հիսուս Քրիստոս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Հիսուս Քրիստոս ըլլա մեր զորավիգը:
ԽՈՒՄԲԸ – Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ – Եվ ամեն տեղ են, ամեն տեղ, ուր ալ որ երթաս: Այ ի՞նչ գիտեք, որ հիմա մեկը նստած չէ հոս, մեր ետևը (Տեղը կփոխե) Կամ հոն, քարափին ծերպերուն մեջը, կամ մեր վրան, այ, սաղարթներուն մութին մեջ: Կտեսնե՞ք… կտեսնե՞ք… մեկը այն մութին խորքը… կշարժվի, մեկն ալ հոս, այ, աղբյուրին ակնեն, նայե, նայե, ինտուր կքրքջա… (Սարսափած ետ-ետ քաշվելով աղբյուրեն) Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս: (Դեմ-դեմի կուգա վանահոր հետ):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խոժոռ) Ի՞նչ կա, ինչո՞ւ ես վախցեր, տիրացու
ՏԻՐԱՑՈՒՆ – Հայր սուրբ… (Կիյնա վանահոր ոտքերը):
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Վանահայր, չարը հանգիստ չի տար մեզի:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ուժեղ է խարդավանքը չարին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Զզվանքով) Դեռ միշտ այդ հին դևե՞ն կխոսիք ինծի: (Բարկացած) Ոտքի ելիր, տիրացու:
ՏԻՐԱՑՈՒՆ – (Դեմքը ծածկած կելլե ոտքի)
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Քիչ մը լուռ կնայի անոր, վերջը մյուսներուն ու հատիկ-հատիկ) Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն, սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ տիրեր է իր մարմնին ու բնազդներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ, հայր սուրբ, ով եկեր է հոս ինծի հետ իմ անապատս, պետք է ավելի վեր ըլլա, քան մարդը: Իսկ չարեն թող վախնա ան, ով չէ կտրեր իր բոլոր շղթաները աշխարհքին հետ, իր անցյալին հետ, իր հուշերուն հետ, իր վշտերուն, իր ուրախություններուն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ կրցեր է կտրել այդ բոլոր շղթաները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ով մարդ է ու միայն մարդ` անիկա աշխարհինն է ու թող դառնա աշխարհին, ահա պատրաստ է հայր Անտոնին լաստը: Ես չկանչեցի ձեզի հոս, որ հավաքվիք ու դևերեն սարսափիք (Ոգևորված կբարձրացնե կրծքեն կախված պարզ խաչը) Հոս Տիրոջ խաչն է, հոս դևեր չկան:
ԲՈԼՈՐԸ – (Ջերմեռանդ խաչ կհանեն):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հոս կրքեր չկան, հոս բնազդներ չկան, հոս սուրբ- հոգին է միայն, հոս միտքն է միայն, վեր խոյացող միտքը դեպի ճշմարտությունը, դեպի Աստված: Այս մեկը աղեկ հասկցեք ու սատանաները թողեք աշխարհին: Դե, երթաք խաղաղությամբ և Տերը ըլլա ձեզի բոլորիդ հետ:
ԲՈԼՈՐԸ – Ամեն: (Կցրվին):
Վանահայրը կեցած է մենակ, կնայի անոնց ետևեն տխուր գլուխը շարժելով, երբ քովեն կամաց մը կմոտենա Աբեղան, կծռի, զգույշ կբարձրացնե Վանահոր փեշը և կհամբուրե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հանկարծ կզգա և կդառնա ետ) Ի՞նչ կընես որդիս, ի՞նչ կընես:
ԱԲԵՂԱՆ – Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզես որդիս, ի՞նչ ունիս:
ԱԲԵՂԱՆ