Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 23
Ագահության և փառասիրության բաղձանքը ծնեց նրա մեջ հանցավոր խորհուրդ – մեղանչել հյուրասիրության սրբության դեմ և չհարգել տված խոսքը: Երկուսն էլ մեծ անպատվություն էին մի պետի համար, որքան վայրենի, որքան և բարբարոս լիներ նա: Թորոս իշխանի ընդունելության պայմանները սկզբից որոշված էին նրա հետ. իշխանը պիտի գար երկու հարյուր ձիավորներով, բերելով իր հետ գերիները ազատելու փրկանքը: Փրկանքի քանակությունը կամ ընծաների արժեքը որոշված չէին, դրանք թողված էին իշխանի մեծահոգության վրա: Երկու հարյուր ձիավորներ խանի կողմից պետք է դիմավորեին նրան: Իշխանին պետք է ցույց տրվեր, նրա պատվի համեմատ, ամեն հարգանք և հյուրասիրություն: Բայց այդ բոլոր կարգադրությունները փոխվեցան խանի մտքում: Նա վճռեց, եթե Թորոս իշխանը չի համաձայնվի տալ նրան մելիք Վարթանեսի գանձը, այն ժամանակ ոչ միայն գերիները չէ կարող ազատել, այլ խանը կհրամայե նրան կալանավորել, բանտարկել և բանտի մեջ մաշել, մինչև գանձը ստացվի: Բայց Թորոս իշխանը միայնակ չէր լինելու, նա իր հետ պիտի բերեր հայոց քաջերից երկու հարյուր զինված ձիավորներ: Այդ ոչինչ. խանի բանակի մեջ կարելի էր մի րոպեում պատրաստել հազար զինված մարդիկ: Դարձյալ մկանը կարելի էր գցել թակարդի մեջ…
Մինչ խանը այդ խորհրդածությունների մեջ էր, կանանոցի վրաններից դուրս եկավ մի կին. նա ոտքից ցգլուխ փաթաթված էր մուգ-կապտագույն չադրշաբի (ղադիֆա) մեջ և երեսը ծածկած ուներ սպիտակ, անթափանցիկ քողով, որի աչքերը ծածկող մասը միայն ուներ մաղաձև հյուսվածք` տեսությունը իսպառ չխափանելու համար: Հուշիկ, նազաքայլ ընթացքով դիմում էր նա դեպի խանի վրանը և նրա առջևից գնում էր ծերունի Ահմեդը ներքինապետի բոլոր ինքնավստահությամբ: Ճանապարհից բոլորը հետ էին քաշվում, երեսները շուռ էին տալիս, մտածելով, որ անցնողը խանի հարեմի խանումներից մեկը ետք է լինի: Եվ իրավ, դա Սյուրին էր: Ծերունի Ահմեդից տեղեկացած լինելով երկու մելիքների մատնությունների մասին, գնում էր իր ամուսնի մոտ հայ գերիների ազատության համար բարեխոսելու: Նա անցավ դեպի խանի վրանի այն մասը, որ կոչվում էր խալվաթ-խանա (գաղտնարան), ներքինին բաց արեց նրա առջև մուտքը, նա ներս մտավ, կրկին նրա ետևից մուտքը փակվեցավ: Սյուրին մնաց միայնակ գաղտնարանի մեջ: Նա մի կողմ ձգեց մուգ-կապտագույն չադրշարը, որի մեջ փաթաթված էր և հայտնվեցավ որպես մի ծովային հավերժահարս, որ հանկարծ դուրս է գալիս ոստրեի միջից: Նա երեսից հետ քաշեց քողը: Այդ թանձր, անթափանցիկ քողը, կարծես, խեղդում էր նրան: Այժմ սկսեց ազատ շունչ քաշել: Այն օրվա բոլոր անցքերը թողել էին նրա սրտում դառն և ցավալի տպավորություններ: Հարեմի կանանց նախանձը, գլխի մազերի կտրվիլը, հայ գյուղացիների սոսկալի վախճանը, իր հոր և նրա համանման արբանյակի բանսարկությունները, – այդ բոլորը այն աստիճան վրդովել, այն աստիճան տխրության մեջ էին գցել նրան, որ նմանում էր մի անմխիթար սգավորի, որը կորցրած է լինում այն, ինչ որ ամենաթանկագինն է աշխարհում նրա համար: Այսուամենայնիվ, այս բոլորը չէր կարող պատճառ տալ հարեմի ստրուկին ուշադրություն չդարձնել իր հագուստի և զարդարանքի վրա, որպես վայել էր իր իշխանի աչքին երևալու համար: Նա տխուր էր, թե ուրախ, – միևնույն է. պետք էր սովորական պչրանքով ներկայանալ իր իշխողին: Նրա կարճլիկ շալվարը (յուփկա) կարված էր վարդագույն ատլասից, ոսկեհուռ բանվածքով և ստորին եզրերը չորս մատի լայնությամբ զարդարած մարգարիտներով և գոհարներով: Թիկնոցը