Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 25
Երբ իշխանը մոտեցավ խանի վրանին, տասն քայլ հեռավորության վրա ձիուց ցած իջավ, այդ ժամանակ խանը դուրս եկավ վրանից, դիմավորեց նրան, և ձեռքիցը բռնելով, բերեց չադրի այն մասը, որ հատկապես պատրաստված էր պատվավոր հյուրին ընդունելու համար: Իշխանի թիկնապահները, որ թվով քսանևհինգ հոգի էին, բոլորը ամեհի և քաջ երիտասարդներ, ձեռքները իրանց սրերի վրա դրած, կանգնեցին վրանի մուտքի այն կողմում, որ կողմը նստած էր իրանց տերը: Նրանց հանդեպ կանգնած էին խանի ֆարրաշները, և անընկերասեր կերպով նայում էին կոպիտ սյունեցի հայերի երեսին:
– Բարով եկաք, հազար բարով, ձեր յուրաքանչյուր քայլը ինձ համար մեծ շնորհ եմ համարում, – ասաց խանը իր երկրի քաղաքավարության սովորական ձևով:
– Ինձ բերեց ձեր սպասին, իբրև մի ուխտավոր, ձեր շնորհալի դեմքի լույսը տեսնելու ցանկությունը: Ես ինձ բախտավոր եմ համարում, որ վայելում եմ ձեր շնորհը և բարեսրտությունը, և հուսով եմ, որ միշտ անխախտ կպահպանվեն մեր բարեկամական կապերը, որպես եղել են միշտ:
Այսպես երկար, երկու տարբեր և թշնամական ցեղերի պետերը, մինը մյուսին հայտնի կերպով շողոքորթելով, թափում էին միմյանց առջև իրանց բարեկամական ջերմ զգացմունքը և սերը: Այդ միջոցին իշխանի ծառաները «փեշքեշները» ներս բերեցին: Յոթն պղնձե սինիներ շարվեցան խանի առջև: Երբ նրանց վրայից վեր առեցին քիրմային շալի ծածկոցները, խանի աչքերը կատարելապես շլացան: Այդ թանկագին իրեղենները թեև մելիք Վարթանեսի գանձի չափ չէին լինի,բայց դարձյալ մեծ հարստություն դիզված էր սինիների վրա: Մեկի վրա կիտված էին ոսկի դրամներ, մյուսի վրա արծաթի դրամներ, երրորդի վրա արծաթով զարդարած ընտիր զենքեր` դաշույն, ատրճանակ, ղարաբինա, վառոդի և գնդակի ամաններ և այլն. չորրորդի վրա արծաթից շինված և ոսկեջրած