ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 32
– Այ մարդ, քիչ խոսիր, թող երեխան մի քիչ հաց ուտի:
– Ես խանգարո՞ւմ եմ՝ թող ուտի: Զրուցում ենք, սեղանը հո նրա համա՞ր չի, որ նստես ու միայն մտածես ուտելու մասին, – բացատրեց հայրս: – Զրույցի համար է նաև. խոսք ասես, խոսք լսես, բան սովորեցնես ու բան սովորես: Ձին էլ է ուտում, կովն էլ է ուտում, բայց մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում՝ բանականությամբ՝ մտածելով, ասելով ու լսելով, հիշողությամբ ու հասկացողությամբ: Թե չէ՝ նույն անասունն է: Աստված սիրես, մի խանգարիր, թե չէ՝ վեր եմ կացել, հա¯… – շինծու զայրութով հոխորտաց հայրս:
– Մի լսող էլ լինի, կասի՝ էս ի՞նչ գազան մարդ է, – ծիծաղեց մայրս՝ սիրով լի հայացքով նայելով հորս, – հարցնող լինի՝ կյանքում գոնե մի անգամ մատով կպած կա՞ս: Մի չոր խոսք ասած կա՞ս:
– Ինչո՞ւ պիտի կպչեմ ու ինչո՞ւ պիտի ասեմ, – ժպտերես նայելով մորս՝ խաղաղ ասաց հայրս: – Իմ հասկացող սիրելի կնիկս ես ու իմ լավ ու վատ օրերի հավատարիմ ընկերը:
Մայրս շոյված, խոր հիացմունքով ու քնքշանքով նայեց հորս, հետո նայեց ինձ, շփոթված ժպտաց:
– Հայ ճանաչված գրողներից ես մենակ Սիլվա Կապուտիկյանին եմ տեսել մոտ երեսուն տարի առաջ, մեր դպրոցում: Բագրատ Ուլուբաբյանի ու Սարգիս Աբրահամյանի հետ էր եկել: Ջահել, սիրուն՝ բա ոնց էր խոսում, ոնց էր արտասանում, մնացել էինք փշաքաղած: Նա առաջին հայ գրողն էր, որ Իսահակյանից հետո եկել էր Ղարաբաղ: Իսահակյանին քառասունութին լավ չէին ընդունել, մարզկոմի էշ քարտուղար Տիգրան Գրիգորյանը նրան հարցրել է. «Ղարաբաղ մտնելու թույլտվություն ունե՞ք»: Հայ մարզի հայ քարտուղարը յոթանասուներկուամյա հայ մեծ բանաստեղծին էդպիսի հարց է տվել: Մի բան ասեմ, կարող է չիմանաս, – աշխուժացավ հայրս,– մեր շրջանի Թալիշ գյուղում Իսահակյանը խլեղը հագին մի շա¯տ պառավ կնոջ ձեռքը համբուրում է: «Կյանքումս երկու հոգի են ձեռքս պաչել, – ասում է պառավը: – Մեկը դու ես, մեկն էլ մորուքով մի մարդ էր»: Րաֆֆին է եղել: Պատկերացնո՞ւմ ես: Զորայր Խալափյանն էլ էդ գյուղից է, գիտե՞ս, – հանկարծակի հիշելով ավելացրեց հայրս, – շատ տաղանդավոր գրող է, շա¯տ, նրա գրվածքները երբ եմ, է¯, կարդացել, բայց մինչև հիմա լրիվ հիշում եմ: Նրա հերոսները՝ Ստեփանը, Անտիկը, Նորան, Վասիլը, Հաբեթը, Հունանի երեք