ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 21
Կարծես երկար կյանք էր տրված՝ վայելելու իմ դիցանույշ գեղեցկուհու սերը վսեմ՝ բայց կյանքն ասես մի ակնթարթ՝ թռավ-անցավ, չհասկացա՝ ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս անցավ…
Հուշե՜ր, հուշե՜ր, ու հուշերի մշուշներում լուսաշղարշ մի լույս պատկեր կանչում է ինձ սև աչքերի մեղմ դյութանքով, որպեսզի ես նորից հառնեմ մոռացումից, գգվեմ նրան ինքնամոռաց, բույրը առնեմ ես կաթնահունց պարանոցի, հրափափուկ շուրթիկների համը զգամ ու վերստին տաք շշունջը լսեմ նրա՝ հավերժական սիրո մասին…
Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու տիվ հուշեր անթիվ, անծայր հուշեր, նվաղուն ձայն երկնի ծերից՝ արդեն ու՜շ է, ու՜շ է…
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկներ իմ, կռունկնե՛ր, անկյունաշար չվերթով ու՞ր եք այդպես թևածում անծայրածիր երկնքով…
Կուռլու-կուռլու… թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ՝ ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ախ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում:
Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց բույրն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում…
Կուռլու-կուռլու, կռունկներ, սիրուն հավքեր երկնային, իմ տարաբախտ սիրտն առած՝ հեռանում է ձայնը ձեր, իմ կարոտը գեթ տարեք, թե որ ձեր չուն մեղմ տաղով՝ Ղարաբաղով անց կենա…
ՆԶՈՎՔ
Աստված ստեղծեց երկինք ու երկիր, անծայրածիր էր երկիրն, ամայի, և սև խավարն էր պատած ամենուր, և Աստծու ոգին լուռ թափառում էր ջրերի վրա:
Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ, և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը խավարից, լույսը ցերեկն էր, խավարը՝ գիշեր: Եղավ երեկո, եղավ առավոտ, օրն էր առաջին:
Աստված ջրերը հավաքեց մի տեղ ու ծով կոչեց այն, ցամաքը՝ երկիր, հետո նա ծառ ու ծաղկունք արարեց, արև ու լուսին, հորդուն անձրևներ, գետեր վարարուն, հավքեր բազմաբյուր՝ մեղրածոր երգով, ձուկ ու կենդանի արարեց հետո, որ չէին եղել, աշխարհը համակ լցվեց հմայքով, խոտի շրշյունով, աղբյուրների մեղմ, քնքուշ կարկաչով, և այդ ամենը հաճո էր ունկին ու աչքին Տիրոջ, նա ասաց՝ լավ է:
Եվ Աստված հետո, վեցերորդ օրը, մի բուռ հող առավ, արարեց մարդուն այդ մի բուռ հողից ու կնոջը նրա՝ իր իսկ ամուսնու սեփական կողից:
Եվ հետո, հետո… տեսավ տիրադավ բնույթը մարդու՝ ընչաքաղց անդուլ, գծուծ ու դաժան, նենգ ու դրուժան, ագահությունը տեսավ նա նրա, որ հագուրդ չունի, և նրա նախանձն ու տարփանքը զազիր, շուրջը պղծելու, իր մերձավորին կառափնատելու բնազդը ատեց ու շատ ափսոսաց, որ ստեղծեց մարդուն երկրի վրա ու հավիտյանս նզովեց նրան…
Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ…
Ո՞վ կմտածեր, որ կգա մի օր`անկամորդ, շվայտ վերնախավերի անողոք կամոք կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ, ու մենք կհայտնվենք կյանքի հատակին:
Որ կգա մի օր` երեկվա թերուս գողն ու խաբեբան կդառնան հարգի, ամենուր նրանց ծունր կդնեն, լրբերը` սրբեր, կդառնան մի օր, իսկ ազնիվ մարդը կարժեքազրկվեր… Ով, տեր իմ Աստված, որտեղի՞ց եկել, այս ու՞ր ենք հասել. գողը փողկապով պատգամավոր է, նա և օրենսդիր, և դատավոր է. փողը իրենցը, երկիրն իրենցը, կամ�