Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 21
Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ, և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը խավարից, լույսը ցերեկն էր, խավարը՝ գիշեր: Եղավ երեկո, եղավ առավոտ, օրն էր առաջին:
Աստված ջրերը հավաքեց մի տեղ ու ծով կոչեց այն, ցամաքը՝ երկիր, հետո նա ծառ ու ծաղկունք արարեց, արև ու լուսին, հորդուն անձրևներ, գետեր վարարուն, հավքեր բազմաբյուր՝ մեղրածոր երգով, ձուկ ու կենդանի արարեց հետո, որ չէին եղել, աշխարհը համակ լցվեց հմայքով, խոտի շրշյունով, աղբյուրների մեղմ, քնքուշ կարկաչով, և այդ ամենը հաճո էր ունկին ու աչքին Տիրոջ, նա ասաց՝ լավ է:
Եվ Աստված հետո, վեցերորդ օրը, մի բուռ հող առավ, արարեց մարդուն այդ մի բուռ հողից ու կնոջը նրա՝ իր իսկ ամուսնու սեփական կողից:
Եվ հետո, հետո…տեսավ տիրադավ բնույթը մարդու՝ ընչաքաղց անդուլ, գծուծ ու դաժան, նենգ ու դրուժան, ագահությունը տեսավ նա նրա, որ հագուրդ չունի, և նրա նախանձն ու տարփանքը զազիր, շուրջը պղծելու, իր մերձավորին կառափնատելու բնազդը ատեց ու շատ ափսոսաց, որ ստեղծեց մարդուն երկրի վրա ու հավիտյանս նզովեց նրան …
Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ…
Ո՞վ կմտածեր,որ կգա մի օր`անկամորդ, շվայտ վերնախավերի անողոք կամոք կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ, ու մենք կհայտնվենք կյանքի հատակին:
Որ կգա մի օր` երեկվա թերուս գողն ու խաբեբան կդառնան հարգի, ամենուր նրանց ծունր կդնեն, լրբերը` սրբեր , կդառնան մի օր, իսկ ազնիվ մարդը կարժեքազրկվեր… Ով, տեր իմ Աստված, որտեղի՞ց եկել, այս ու՞ր ենք հասել. գողը փողկապով պատգամավոր է, նա և օրենսդիր, և դատավոր է. փողը իրենցը, երկիրն իրենցը, կամքը իրենցը, կուզեն կայպանեն, կուզեն կըսպանեն…
Ու՞մ մտքով կանցներ, որ մարդը այսպես կարժեքազրկվեր, որ նա ամեն ինչ թողած թուրքերին, իր մարող հույսը` անտես Աստծուն, փախստականի անդուր պիտակով մունջ կդեգերի քաղաքից-քաղաք` հլու-հնազանդ օրավուր աճող արհավիրքներին:
Ո՞վ կմտածեր, որ սև աչքերով իմ նուրբ գեղուհուն բախտը կնետի մի ուրիշ երկիր, ու ես այլևս չեմ տեսնի նրան: Որ ես ամեն օր կհիշեմ նրան ու կերազեմ, նա այցի կգա ինձ երազներում` առաջվա նման գեղեցկատեսիլ ու միշտ ցանկալի` առաջվա նման, հետո կարթնանամ, հոգին իմ կայրվի կարոտից նրա:
Ո՞վ կհավատար, որ կգա մի օր, ու ես` հուսաբեկ, անպաշտպան, անտուն, ինչպես չոր տերև` քամու բերանին, տեղ չեմ ունենա այս մեծ աշխարհում: Ու տաժանելի մտքերից խոցված, կարող եմ ընկնել տամուկ փողոցում և մարդկանց հոսքից մեկը չի լինի` թեքվի ինձ վրա, որ գոնե նրան, հանգչող շշունջով մրմնջամ նրան, որ խռով եմ ես այս դժխեմ կյանքից. ողջ աշխարհն իմ մեջ ես տեղավորում ` ես այս աշխարհում չեմ տեղավորվում:
Ո՞վ կմտածեր, որ կգա մի օր` կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ… Ու՞մ մտքով կանցներ… Ո՞վ կհավատար…
ԵՐԱՆԻ ԹԵ
Ղարաբաղն իմ սիրտն է հեռավոր, եզերքն իմ` այլևս անհաս, և հոգին իմ` վհատ ու նկուն, երբ իջնում է գիշերը լուսնկա, թափառում է քնած հանդերում ու մանկութ կածաններով նրա։
Դեղձան արտերն այնտեղ ծփուն օրորվում, ալիքվում են քամուց, շրջան կազմած` ծտերի երամն է անցնում հին կալերի վրայով, ծիրանագույն արևի մեջ տատրակն օդում կախվում, քարանում է անշարժ, լորի գեղգեղանքն է ծորում ծաղկանախշ դաշտերում։
Երկինքն` աստղազարդ, մուգ կապույտ է այնտեղ, սարերը վսեմ` աստղերը շաղ եկած սարերի վրա, ջրերը կարկաչում