Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 9
– Դե հիմա էլ ինձ ականջ արա,– խոսք վերցրեց ամուսինը։– Օհաննեսը ինչ գրել ա, ճիշտ ա գրել։Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը։ Էդպես ա եղել։ Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղ ա ուղարկել։
– Պուլիկը մինչև հիմա էլ պահում ենք,– ասում է Մարիամ մայրիկը։
– Հա, որ գեղ գար, կխնդրեր, որ ծեր մարդիկ իրա համար բաներ պատմեին, ինքը գրի կառներ, դիմացը փող կտար… մի անգամ էլ ես եմ մի լավ բան պատմել, հիմի չեմ հիշում ինչ, ինձ երկու մանեթ ա տվել… Մի անգամ էլ գնացի Թիֆլիս, մի տեղով անցնելիս, տեհա մեր գեղացի երկու մարդ գինի են խմում։ Ասացին Օհաննեսը հիվանդ ա, գնանք մոտը։ Գնացինք։ Ծանդր հիվանդ էր։ Դուռը բաց արինք, տեսանք սեղանը մոտեցրել ա, որ բռնի վեր կենա. Բռնել ա սեղանից, մի քիչ բարձրացել ա ու չի կարողանում շարժվել։ Մեզ որ տեսավ, շատ ուրախացավ։ ''Էդ ոնց ա եղել, որ Ռոստոմի խոտը էրվել ա'',– տխուր ասաց նա։ Միշտ էդպես կհետաքրքրվեր գեղացիների դարդովը։
Արևը բարձրացել, կանգնել է լեռների վրա։ Հնձած արտերի միջոցով գնում է նեղ ճանապարհ։ Գնում ենք ''Ծովեր''՝ Թումանյանի սիրած վայրերից մեկը։ ''Ծովերի'' մոտ, կանաչ խոտերին պառկած, Թումանյանը նայել է դեպի մաքուր երկինքը, ժամերով նայել է վերջալույսի վարդագույն ամպերին, հետևել է Չաթինդաղի գագաթին նստած թխպերի խաղին, նրանց դանդաղ-դանդաղ ընթացքին ու երազել… Լսել է ծղրիդի ճռռոցը ու երազել… ''Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի, կանաչի ու թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի վրայով… Գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ պառկած խորասուզվել եք ջինջ կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերը համատարած ճըռռ… ճըռռ…''։
Արևից ծառերը երկար ստվեր էին գցել։
– Հրեն Ծովերը, – ասաց Արմենուհին, – շուտով այստեղ գրողների հանգստյան տուն կկառուցվի… 22 թվին Թումանյանը դիմել է, հիմա սկսում ենք շինարարությունը՝ մոտ 47 տարի հետո…Շատ գեղեցիկ հանգստավայր է լինելու։
Մենք հասնում ենք Ծովեր, նստում ենք ստվերախիտ ծառերի տակ։ Այստեղ, գուցե հենց այս ծառի տակ, որտեղ մենք ենք նստած, տիեզերական այս լռության մեջ, նստել է Թումանյանը, նստել են Իսահակյանը, Շիրվանզադեն, Վալերի Բրյուսովը, Տերյանը, Լեոն և մեր մյուս երախտավորները։ Ճարմանայի անհաջող ճակատամարտից հետո այստեղ է դադար առել Վարդան Մամիկոնյանը ու նորից համալրված, գարնան հեղեղի պես գնացել գրոհի։ Այստեղ, 1896 թվականին ընկերներով քեֆ է արել Ստեփան Շահումյանը։