ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 21

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

պետք չէ, չէ՞ որ ես սիրում եմ Ստեփանին, և այն էլ շատ վաղուց, Ամալյա, շատ վաղուց… Այն օրվանից, երբ դեռ հոգին բուն չէր դրել մարմնիս մեջ,– ժպտաց նա։

      Միջանցքում տագնապալից հնչեց հեռախոսազանգը։

      –Ռաֆայել, վերցրու,– ասաց Ամալյան առանց տեղից շարժվելու։

      –Երևի Ստեփանն է,– ուշադրությունը լարելով, սպասողական ասաց Ելենան, ակամայորեն բարձրանալով տեղից։

      Ռաֆայելը վերցրեց լսափողը ու քիչ անից միջանցքում լսվեց նրա ձայնը.

      –Ալլո… Այո, այո, ես եմ։ Լեոնի՞դ… դու այդտեղ ի՞նչ ես անում։ Ի՞նչ։ Պարզ խոսիր, ո՞վ է զոհվել…

      –Ի՞նչ է պատահել,– հյուրասենյակից արագ դուրս գալով միջանցք, վախեցած հարցրեց Ելենան։

      Ռաֆայելը չարձագանքեց։ Ծանր շնչելով, նա լարված լսում էր, հետո ասաց.

      –Լավ, հիմա գալիս եմ։

      –Ռաֆայել, ի՞նչ է պատահել,– անհանգիստ հարցրեց Ամալյան, նույնպես ելնելով միջանցք։

      Ռաֆայելը, գույնը լրիվ գցաց, դանդաղ ցած դրեց հեռախոսափողը։

      –Ապարատը պայթել է,– խռպոտ ասաց նա, դողացող մատներով հանելով սիգարետը…– Անտոնյանը պայթյունից զոհվել է…

      Բոլորի հայացքները քար արտահայտություն ստացան։

      –Ես պետք է գնամ,– մի պահ անց ասաց Ռաֆայելը և մոտենալով զգեստապահարանին, հանեց վերարկուն։– Ելենա, մնա մեզ մոտ, մինչև կգանք։

      –Շատ լավ։

      Դրսում, ջրհորդաններում, շարունակում էր աղմկել անձրևաջուրը։

      *******

      Մութն ընկավ միանգամից։ Դիմացի շենքերում առկայծեցին առաջին լույսերը։ Աղոտ վառվեցին նաև փողոցային լապտերները, որոնք թույլ լուսավորում էին թաց ասֆալտը, այստեղ- այնտեղ գոյացած ջրափոսերն ու այդ ջրափոսերի վրա մաղող մանրիկ անձրևը։

      Ինչպես ծովը, այնպես էլ ամբողջ Բաքուն՝ Բայիլովի բարձունքներից սկսած մինչև Սև քաղաք ու Սև քաղաքից էլ այն կողմ, ընկղմված էին անթափանց մշուշի մեջ, և, մշուշի միջից, ոնց մենավոր փարոս՝ անեզր օվկիանոսում, հեռուստատեսային աշտարակի վրա փայլկտում էին հակաօդավթարաբարձ կարմիր լույսերը։

      –Ես գիտեմ, որ դաժան ու անմարդկային է դա,– երկարատև լռությունից հետո շարունակելով մութ սենյակում առաջ ու ետ քայլել, խոսեց Ելենան։– Բայց ես անկարող եմ զսպելու իմ ուրախությունը։ Ես երջանիկ եմ, որ այդ բանը նրան է պատահել։ Տեր աստված, այս ինչի մասին եմ խոսում։ Ես պարզապես խելքս թռցրել եմ երևի… Այո, այո, նրա հետ է պատահել… և ոչ Ստեփանի։

      Խոհանոցից անաղմուկ հայտնվելով հյուրասենյակի դռան մոտ՝ Ամալյան զարմանքով նայեց Ելենային։

      – Լենա, դու այդ ո՞ւմ հետ ես խոսում,– հարցրեց նա։

      –Ոչ ոքի։ Հեռուստացույցն է։

      –Բայց ես լսեցի քո ձայնը,– ասաց Ամալյան, միացնելով լույսը։

      –Նշանակում է ես ու ես էի խոսում,– արձագանքեց Ելենան։ Նա նստեց բազկաթոռում, լուսամուտի առջև, և, գրադարակից մի գիրք վերցնելով, սկսեց աննպատակ թերթել։– Ո՞վ էր քիչ առաջ զանգում։

      –Ռաֆայելն էր, հիվանդանոցից էր զանգում։ Ասաց, որ տան մոտ են արդեն, հիմա կգան։ Անտոնյանի դիակն արդեն բերել են հիվանդանոց։– Նա որոշ ժամանակ լուռ էր, հետո թառանչ քաշեց, շշնջաց.– Սոսկալի է, մի երկու ժամ առաջ խոսում էինք Անտոնյանի մասին՝ որպես կենդանի մարդու, իսկ հիմա նա չկա այլևս։

Скачать книгу