Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 2
Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ եւ իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել եւ «Тифлисский вестник»6 լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին եւ գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։
Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգեւորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան7։ Եվ նա դառնում էր նաեւ մեր` Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։
Որոտացին թնդանոթները Արփաչայի8 եւ Դունայի9 ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի եւ ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, եւ ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը»10, «Էն օրհնած Գլադստոնը»11, «էն գազան սուլթանը» եւ այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ` Տեր-Ղուկասով12, Լոռիս-Մելիքով13, Լազարեւ14, Շելկովնիկով15։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին եւ այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք` շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլեւս Վանջի չէ, այլ Լազարեւ` Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։
Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։
Այսքան խոշոր էր ռուս-թուրքական
6
Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։
7
Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձեւերը դարձրել ենք «Բուլղարիա» եւ «բուլղար»։
8
Լեոն օգտագործել է թուրքերեն ձեւը, հայերեն՝ Ախուրյան։
9
Լեոն օգտագործել է ռուսերեն ձեւը, հայերեն՝ Դանուբ։
10
Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին եւ 1874-1880-ին, «Մեզ համար կարեւորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ եւ գաղափարախոս։
11
Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։
12
Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը եւ այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։
13
Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար եւ ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արեւմտյան Հայաստանի տարածքում) եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւներին։
14
Լազարեւ (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝ տալով 1500 զոհ, մինչդեռ թուրքական բանակը տվեց 5-6 հազար զոհ եւ 8500 գերի. նույն թվականի նոյեմբերի 6-ին գրավեց Կարսը։
15
Շելկովնիկով (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի (1837-1878) – Հայազգի ռուսական գեներալ, Կովկասյան ճակատում մասնակցել է ռուս-թուրքական Ղրիմի եւ 1877-1878թթ. պատերազմներին, մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։