Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 4

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

ոչինչ իրական։ Ավելացվում էր այն, որ թուրք կառավարությունը պարտավոր է իր մշակած ռեֆորմների մասին պարբերաբար հաղորդել եվրոպական մեծ պետություններին, որոնք պիտի հսկեին դրանց գործադրման վրա։

      Հայ պատվիրակությունը, կուշտ աղոթելուց հետո, 16-րդ հոդվածի այս կարկատանն էր իր հետ տանում Բեռլինից Կ.Պոլիս։

      Գ

      Սկզբում Կ.Պոլսի հայությունը զգաստ եւ խելահաս վերաբերմունք ցույց տվեց Բեռլինի դաշնագրի վերաբերմամբ։ Նա հիասթափված էր, զգում էր, որ Եվրոպան իսկապես ոչինչ չի տվել հայերին, բացի մի քանի անբովանդակ ֆրազներից։ Բայց այդ զգաստությունը չափազանց կարճատեւ եղավ։ Լրջմիտ հեռատեսության դեմ բարձրացավ անվերապահ լավատեսությունը։ Քաղաքական ծանր հարցը` մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը, ստանում էր արկածախնդրական, ռոմանտիկ գունավորումներ։ Ներսես պատրիարքը23 եւ նրա կողմնակիցները բացատրում էին հասարակությանը, թե նա հուսահատվելու ոչ մի պատճառ չունի, թե հայ ժողովրդի դատը պաշտպանված է եւ լավ է պաշտպանված։

      Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»24 բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը25։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգեւորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչեւ Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների` Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, եւ հայերին պաշտպանողն այսուհետեւ մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թեւավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը` ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության եւ քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։

      Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության եւ անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը26, որի անունն էր Արեւելյան հարց։

      Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ` ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում եւ Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրեւ տեր եւ հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։

      Թուրքիան առաջվանից անհամեմատ ավելի մեծ չափերով էր դառնում այդ կապիտալիզմի հարստահարչական

Скачать книгу


<p>23</p>

Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի եւ Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։

<p>24</p>

Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել եւ զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։

<p>25</p>

Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի եւ Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին եւ այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաեւ ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երեւան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշեւիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։

<p>26</p>

20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։