Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 8
Սո՜ւրբ որգեւորություն` ասում էին այն ժամանակները։ Սուրբ երեխայությու՛ն` պիտի ասեն հետագա ժամանակները։
Ես իմ փորձով վկայում եմ, որ այդ իսկապես երեխաների ոգեւորություն էր։ Ես եւ ինձ պես հարյուրավորները` հասակով էլ երեխաներ էինք։ Բայց ի՞նչ կասեք նրանց մասին, որոնց մեղք կլիներ երեխա անվանել, որոնք մազով-միրուքով մարդիկ էին եւ մեզանից երկու, գուցե եւ երեք անգամ ավելի էին մեր մոլորակի հետ պտույտներ արել արեգակի շուրջը։ Երեխայությունը հասակի խնդիր չէ. լինում են սպիտակահեր երեխաներ։ Երեխայության դրությունը միայն անհատներին չէ հատուկ։ Լինում է եւ հավաքական, զանգվածային երեխայություն։ Այս դրության մեջ հայ ժողովուրդը խարխափեց ամբողջ քառասուն եւ հինգ տարի` չկարողանալով ճանաչել աշխարհի չարն ու բարին։
1880-ական թվականների գլադստոնյան փորձը պետք է լավ խրատած լիներ հայկական երեխայությանը` պարզ ցույց տալով նրան, որ Անգլիան Անգլիա է, եւ ոչ մի նշանակություն չունի, թե ով է այսօր նրա առաջին մարդը. Գլադստոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ, որոնք անուններ են` փոփոխական, հեղհեղուկ, անկայուն։ Անփոփոխն անգլիական արշինն է, եւ նրան ծառա ու սպասավոր են ամենքը, անգամ «մարդասերները». մեծ լինեն նրանք, թե փոքր, միեւնույն է։ Գլադստոնը 1880-ին բոլորովին հայ ազգի գեղեցիկ աչքերի պատճառով չէր Հայկական հարցը դիվանագիտական գրագրության առարկա դարձնում։ Անգլիական իմպերիալիզմն այդ միջոցին պատրաստվում էր հափշտակել Եգիպտոսը եւ սուլթանին վախեցնելու, նրա բերանը կապելու համար էր շահագործում դժբախտ 61-րդ հոդվածը, ինչպես նաեւ մի քանի այլ հարցեր, որոնք վեճի տակ էին Բեռլինի կոնգրեսից ի վեր։ Հազիվ մի քայլ արած` Գլադստոնը ետ քաշվեց, լքեց իր ձեռնարկումը` ասելով, թե մյուս պետությունները համաձայն չեն հարկադրական միջոցներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, իսկ Անգլիան միայնակ չի կարող ոչինչ անել։ Սրանով «մեծ մարդասերը» իմաստության դասեր էր տալիս սուլթան Համիդին` հավատացնելով սրան, որ Հայկական հարցի շրջանում եվրոպական համաձայնություն չի կարող գոյանալ, եւ որ նա կարող է իրեն ազատ զգալ։
Բայց ճի՞շտ էր արդյոք, թե Անգլիան միայնակ գործել չէր կարող։ Ճիշտ չէ՛ր։ Անգլիան առանց մի րոպե տատանվելու` միայնակ գործողություններ կարող էր կատարել, եթե միայն այդպես պահանջեին անգլիական կապիտալիստների շահերը։ Եվ իրավ, Հայոց հարցի մեջ հապճեպ փախուստի մատնված Գլադստոնը քիչ անց անգլիական նավատորմը կանգնեցրեց Ալեքսանդրիայի առաջ եւ «մարդասիրաբար» ռմբակոծեց այդ մեծ ու հռչակավոր նավահանգիստը, հափշտակեց Եգիպտոսը։
Պարզ է եւ հստակ։ Հայկական հարցի մեջ Գլադստոնի վարմունքը բացարձակ թշնամական եւ աղետաբեր էր հայ ժողովրդի [համար]։ Հայ-թուրքական հարաբերությունները անհաշտ-թշնամական են դառնում հենց 1880-ի դեսպանական հավաքական հուշագրից հետո։ Այդ ժամանակ է, որ որոշվում է թուրքահայության վիճակը` բնաջնջում։ Բազմահռչակ անգլիական պետական գործիչը բնավ էլ չէր մտածում այս մասին, երբ փախուստի էր դիմում թուրք դիվանագետների առջեւ։ Իսկ հայե՞րը։ Հասկացա՞ն նրանք անգլիական «հայասիրության» իսկական արժեքը։ Հասկացա՞ն, թե ինչ է Գլադստոնը։
Չհասկացան։ Գլադստոնը նրանց համար մնաց դարձյալ «մեծ մարդ», «հայասեր»։ Ահա