Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 9
Հայկական հարցի հարուցած անօրինակ հասարակական շարժումների հայտարար նշաններն էին չորս տարվա խոշոր կուլտուրական նվաճումները` դպրոցական վերակազմություն, թատրոն, ուռճացած գրականություն, մամուլ, հրատարակչական եւ բարեսիրական հիմնարկություններ։
Եվ հանկարծ այս ամբողջ կենդանությունը կանգ էր առնում, խամրում էր։ 1881-ից հետո սաստկացած ռուսական խավար ռեակցիան եղբայրացավ Թուրքիայում գլուխ բարձրացրած սուլթանական ռեակցիայի հետ։ Եվ այս եղբայրացման առաջին զոհերից մեկը դարձավ հայությունը։ Հալածանքներ, արգելքներ Թուրքիայում, նույնը` եւ Ռուսաստանում։ Հայոց հարցին հավասարապես թշնամի են թե՛ Աբդուլ-Համիդ Բ-ն եւ թե՛ Ալեքսանդր Գ-ն38։ Հայոց պատմությունն արգելված առարկա հայտարարվեց Ռուսաստանում, իսկ Թուրքիայում ոչ միայն դա արգելվեց, այլեւ նույնիսկ «Հայաստան» անունը։ Հեղափոխական տրամադրությունը մտավ ընդհատակ կամ տեղափոխվեց արտասահման։ Բայց մի անգամ ընդգրկած գործողության եղանակը չլքվեց։ Րաֆֆին կարողացավ լույս հանել իր երկհատոր «Կայծերը», որ նա անվանեց վեպ-ծրագիր։ Ծրագիր էր այդ վեպն այն կողմից, որ պատկերում էր մի խումբ երիտասարդների, որոնք Պարսկաստանի Սալմաստ գավառից անցնում են Վանի եւ Մուշի կողմերը ինչ-որ խորհրդավոր առաքելությամբ, որի ինչ լինելը կարելի էր մակաբերել հեշտությամբ։ Պայմաններն այլեւս այնպես չէին, որ կարելի լիներ ամենայն շիտակությամբ ծավալել հայդուկային կռվի նկարագրությունը։
Եզոպոսյան լեզուն ավելի ակնարկներով էր կռահել տալիս, թե ովքեր են այդ Ասլանները, Կարոները, Սագոները եւ այլն։ Դրանք, բացատրում էր հեղինակը, այսօրվա մարդիկ չեն, այսօր դեռ չկան, գոյություն չունեն, բայց վաղը, մյուս օրը կլինեն, դուրս կգան գործելու։ Պետք է խոստովանել, որ Րաֆֆու տաղանդի ամենախոշոր հատկությունն այն էր, որ նա ըմբռնում էր օրվա տրամադրությունները, դրանք վերարտադրում գեղարվեստական պատկերների մեջ, որոնց միջոցով դնում էր հասարակական մտքի առաջ ոչ միայն տիպեր, այլեւ ամբողջ ծրագրեր։ Այսպիսով Րաֆֆին ոչ միայն տաղանդավոր վիպագրող էր, սնված գլխավորապես Էժեն Սյուի եւ նրա նման ուրիշ բուլվարային ռոմանտիկներից, որոնք ավելի հեքիաթ էին տալիս, քան թե կյանք, այլեւ հանդիսանում էր ռազմագետ-հրամանատար, որ ծրագրում էր մի ամբողջ ժողովրդական պատերազմ. մի պատերազմ, որ տասնյակ տարիների ընթացքում պիտի մղեր փոքրիկ, թույլ, ստրկության մեջ դարերով ընդարմացած հայ ժողովուրդը օսմանյան ահեղ բռնակալության դեմ։
Այս ռազմավարության համար նրա վիպած միջոցները, տակտիկան անխախտ մնացին, եւ ոչ ոք` թե՛ անհատներ եւ թե՛ ամբողջ բազմամարդ կազմակերպություններ, չկարողացան, ընդունակություն չունեցան մի նշանակալի փոփոխություն, մի արմատական նոր շեշտ մտցնել րաֆֆիական ռազմավարական հատակագծի մեջ։ Հազիվ թե կարելի լինի հավատալ, թե Րաֆֆին ճիշտ որ այդքան անսխալական համարեր իրեն։ Իր կենդանության ժամանակ նա
37
Ռուսական դրամական նվազագույն միավորը։
38
Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) – Ռուսական կայսր 1881-1894թթ., դադարեցրել է իր նախորդի բարեփոխումների ընթացքը, ներքին կյանքում անցել ռեակցիայի եւ վելիկոռուսական շովինիզմի, խստորեն սահամանփակել է ռուսական ուղղափառությունից զատ մյուս կրոնները, մտցրել է խիստ գրաքննություն, փակել հրատարակչություններ, դատաստան տեսել ազատախոհության ցանկացած դրսեւորման հետ, «Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակը եւ նավատորմը» արտահայտության հեղինակ։ Նրա օրոք երկիրը ոչ մի պատերազմի չի մասնակցել, որի շնորհիվ ստացել է «Խաղաղարար» պատվանունը։