Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 11
Զ
Նա ետ էր մնում, եւ ուրիշներն էին դուրս գալիս ստեղծված տրամադրությունն իրենց ձեռքն առնելու եւ ղեկավարելու համար։ Այդպիսիներից մեկն էր արեւմտահայ46մանկավարժ ու գրող Մկրտիչ Փորթուգալյանը47, որ «Մշակին» աշխատակցում էր Վանից։ Այստեղ Փորթուգալյանը եռուն կազմակերպչական գործունեություն ունեցավ եւ, հալածանքի ենթարկվելով թուրք կառավարության կողմից, անցավ Եվրոպա, ուր 1885թ. երկրորդ կեսից սկսեց հրատարակել «Արմենիա» անունով փոքրածավալ թերթը, շաբաթական երկու անգամ։ Փորթուգալյանն ինձ էլ դիմեց, որ աշխատակցեմ, եւ իմ անունն էլ տպում էր թերթի մեջ` իբրեւ Շուշիի գործակալ։ Այս անվանումը ինձ պատճառեց մի անախորժություն, որ բնորոշ է հայ հայդուկային հեղափոխության պատմության համար։
Մի օր ինձ ներկայացան երկու մարդ եւ մեծ գաղտնապահությամբ հաղորդեցին, թե եկել են Մկրտիչ Փորթուգալյանի մոտից, Հայաստանի ազատության համար են գործում` Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ։ Ցույց տվին եւ Խրիմյանի մի ինքնագիր կոնդակը, որով հանձնարարվում էր ամեն կերպ աջակցել այդ երկու պարոններին։ Եվ ահա իմ այցելուները բավական աներես կերպով, ձեռքներին բռնած «Արմենիայի» այն համարները, որոնց մեջ տպված էր իմ` իբրեւ գործակալի, անունն ու ազգանունը, պահանջեցին հանուն ազգային գործի փող հավաքել իրենց համար, որպեսզի կարողանան Պարսկաստանի վրայով տանել Վան, հասցնել Խրիմյանին։ Առաջին անգամն էր, որ ես մտցվում էի «ազգային հանգանակության» գործի մեջ։ Խոստացա «մի բան անել», ինչպես սովորական է ասել այդպիսի դեպքերում, բայց հաջողություն չունեցա։ Միայն իմ մոտիկ ընկերներից մի երկուսին կարողացա համոզել, որ մի քանի ռուբլի տան։ Իսկ երկու անծանոթները գրեթե ամեն օր գալիս էին ինձ մոտ իմանալու հավաքված գումարի չափը եւ դժգոհություն էին հայտնում ինձ, որ լավ չեմ աշխատում «ազգային գործի» համար։
Ձանձրացած այդ կոպիտ մարդկանց հանդիմանություններից` ես վճռեցի ինձանից տալ պակասը։ «Ազգային գործիչները» հետզհետե պակասեցրին իրենց պահանջած գումարը, բայց եւ այնպես պակասն այնքան մեծ էր իմ միջոցների դիմաց, որ ես մնացի կատարելապես անկարող դրության մեջ։ Ես հեռագրական պաշտոնյա էի եւ ստանում էի ռոճիկ ամսական 20 ռուբլի 54 կոպեկ, իսկ շլինքիս ընկած էր հորս որբերին ապրեցնելու լուծը։ Ի՞նչ անեմ։ Ճարահատյալ սկսեցի սակարկություն անել Հայաստանի անունով ինձ վրա բեռնացածների
46
Տեքստում սխալմամբ գրված է «թիֆլիսահայ»։
47
Մկրտիչ Փորթուգալյան (1848-1921) – Մարսելի «Արմենիա» պարբերականի եւ Արմենական կուսակցության հիմնադիր, հալածվել, բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից. կարծում էր, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարը պետք է սկսել լավ նախապատրաստական աշխատանքներից, ինչպես նաեւ թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշնակցելուց հետո։ Խմբագրել է «Ասիա» լրագիրը, թղթակցել է նաեւ արեւելահայ մամուլին, Վանում հիմնել է Հայկազյան կենտրոնական վարժարանը եւ «Սեւ խաչ» ազատագրական կազմակերպությունը։