Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 14

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց

Скачать книгу

ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։

      Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։

      – Մոսես, գնա սիթիլ[1] մը ջուր բեր։

      Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։

      Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։

      Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։

      Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։

      – Մոսես ախպար…

      – Ղուրբան…

      Սպասում էր, որ մի բան պատվիրեն։

      Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը – ճաշի ավելցուկ և այլն – խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝

      – Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։

      Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։

      Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի, փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։

      Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝

      – Մյո՛ւսը տուր, էս շատ է։

      Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։

      Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։

      – Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ,

Скачать книгу