Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 11
Ուստա Օվանեսի, Աննա Քորոյի և Արմենակի քույրերի ուրախության չափ ու սահման չկար։ Կիրակնօրյա այդ առավոտը քանի՜֊քանի՜ աղջիկներ ասացին իրենց նշանածներին.
– Քա, դուն ըլ կյոյա11 էրիկմարդ ես, հլե Արմենակը տես, ասլան կլմանի։
Իսկապես, Արմենակը հեքիաթի այն իգիթն էր, որ մազերը տված հովին, ճախրում էր օդում, նա այն դյուցազն էր, որ հանկարծ հայտնվել էր հրեղեն ձիու վրա նստած, եկել էր մուրազ բաժանելու բոլոր նրանց, որոնք տառապել էին իրենց անկարելի երազների համար։
– Ձիուդ նալին ղուրբան, – շշնջում էր Արմենակի մայրը, երբ լսում էր Յլըլդըզի պայտերի զրնգոցը, որ պայթում էր սալահատակի սպիտակ քարերի վրա և փշրվում, ինչպես արևի ոսկյա ծնծղան կապույտ լեռների և անտառների բարձրաբերձ և մուգ ծառերի գագաթների վրա։
Այդ օրը հարյուրավոր աղջիկներ սիրահարվեցին Արմենակին։ Մինչև անգամ մի աղջիկ այնքան համարձակ եղավ, որ մոտեցավ Արմենակի քրոջը և ականջին շշնջաց.
– Մեկ անգամ ախպորդ ծոցը պառկեի, տանեին թաղեի՜ն…
Զ
Եվ ամեն կիրակի ու տոն օրերը Արմենակը դուրս էր բերում իր ձին, կրծքից կախած մի փիրուզյա խոշոր քար, որ աչք չտան, թնդացնում էր փողոցը, պայտը խփում էր սալահատակին, մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։
– Արմենա՜կը, Արմենա՜կը…
Յըլդըզը, ամբողջովին սպիտակ, ածուխի նման սմբակներով, ազնվագույն գլուխը բռնած բարձր և հպարտ, անպայման զգում էր, որ ահա ողջ քաղաքը հանդիսատես է իր վազքին։
Օրը դառնում էր խելահեղ ողջ գավառական քաղաքի համար, իսկական տոնական և համայնական ուրախության օր։
Այդ իրիկուն բոլոր գինի խմողները, – ծանոթ թե անծանոթ, – պարտք էին համարում խմել Արմենակի և նրա ձիու կենացը.
– Ողջ ըլլին երկուսն ըլ, մեր քաղաքը փառլաթըմիշ12 ընեն…
– Փեզեվենկի տղուն ձիյը ինչ ըսես արժե, մաշշալա՜հ…
Այդ իրիկուն, գրեթե ամեն տան մեջ խոսակցությունը դառնում էր Արմենակի և նրա ձիու շուրջը։
– Քա՜, տեսա՞ր…
– Յա չի տեսա՞…
– Ես առուեն անցած ատեն տեսա, աչքս խառալմիշ եղավ13…
– Ես դաշտը կայներ էի, տեսա հրեղեն ամպի պես կուգա կոր…
Եվ ոմանք պատմում էին բաներ, որ չէին տեսել, բայց հավանորեն կարող էին պատահած լինել։ Ով ինչքան շատ բան «տեսած լիներ», այնքան իրեն հպարտ էր զգում և պատմելով, պատմելով, իրենք էլ հավատում էին իրենց պատմածներին։
– Դաշտին միջի էն թեք ծառը կա՞ յա, իշտե էն ծառի վրայեն թռա՜վ…
– Չէ՛, ջանը՛մ, – չհավատալով և ապշահար գալիս է պատասխանը մեկից, բայց լավ է զգում, որ դիմացինը փչում է։
– Սոխախին (փողոց) մեջ կնիկ մի դեմը ելավ՝ Յըլդըզը վրայեն թռավ անցավ ու կնիկը հեչ բան մընալ չի գիտցավ։
– Դուք էդ կըսես, իմ գլխուս վրայեն թռա՜վ… – բոլորովին հավատացած և անկեղծորեն փչում էր մի չորրորդը։
Կային մարդիկ, քաղաքի ամենադատարկապորտները, որոնց ֆեսը միշտ ծուռ է և որոնք ժաքեթի միայն մի թևը հագած են ման գալիս, այդ միևնույն տեսակի փչոցները, ավելի գունավորված և
11
իբրև թե
12
փայլ տալ
13
սևացավ, մթնեց