Չհաս է. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Չհաս է - Մուրացան страница 11

Չհաս է - Մուրացան

Скачать книгу

յուր ոտքով է եկել, այ մարդ», – շշնշաց տիկինը. – կանչել տուր նրան և ձեռքից բաց մի թողնիլ, կարելի է իմ Նատաշի բախտից աստված է ղրկել նրան այստեղ: – Այս ասելով տիկինը հեռացավ և Մելքոն-աղան հրամայեց ծառային հրավիրել պ. Մարալյանին պարտեզ:

ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՇԱՀԱՎՈՐ

      – Բարով, բարով, հազար բարով եկաք դուք մեզ մոտ. այս որ խաչից է, ումնից պետք է շնորհակալ լինինք, – ուրախ դեմքով ու ձայնով դիմավորեց Մելքոն-աղան պ. Թովմասին, երբ վերջինս ներս մտավ պարտեզի դռնով:

      Թովմասը, որ այսպիսի ընդունելություն չէր սպասում Մելքոն-աղայից, մի քանի րոպե ուրախությունից ինքն իրեն կորցրեց: Բայց շուտով խելաբերելով, որ ինքը նույնպես Մելքոն-աղայից պակաս մարդ չէ և որ այդ ընդունելությունը հենց իրեն նման պատվավոր մարդու էլ կվայելեր, լուրջ կերպարանք առավ:

      – Վաղուց ցանկանում էի այցելություն անել ձեզ, – ասավ նա Մելքոն-աղային. – դուք ամեն բանի մեջ փորձված եք, և մանավանդ իբրև վաճառական, դուք աննման եք: Ով որ մոտիկ բարեկամ է ձեզ և կարող է օգուտ քաղել ձեր իմաստուն խորհուրդներից, իմ կարծիքով նա ամենաբախտավոր մարդն է մեր աշխարհում: Տեսնելով որ ես միայնակ եմ և շատ գործերի մեջ կարոտ եմ մի իմաստուն խորհրդականի, որոշեցի, ինչպես որ լինի, վաստակել ձեր բարեկամությունը: Ահա այս նպատակով էլ ես այսօր այցելում եմ ձեզ: Հույս ունիմ, որ դուք չեք մերժիլ այդ բարեկամությունը, որ ես խոնարհաբար առաջարկում եմ ձեզ:

      – Շատ ուրախ եմ, շատ ուրախ, – պատասխանեց Մելքոն-աղան: – Սկզբից էլ ես այնքան հավանել եմ ձեզ, թե՛ իբրև մասնավոր մարդու և թե՛ իբրև վաճառականի, որ ես ամենամեծ ուրախությամբ կընդունեմ ձեր բարեկամությունը: Ինչով կարող եմ օգնել ձեզ, ասացեք, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու:

      – Շնորհակալ եմ, դուք չափազանց բարեսիրտ եք, այո, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա. բայց այդ շնորհը այնքան մեծ է, որ ես արդարև ամաչում եմ ձեզ հայտնելու: Իմ խնդրածս իսկապես շնորհ էլ չէ, այլ մի զոհաբերություն… Եվ այս է պատճառը, որ ես չեմ կարողանում վստահությամբ հայտնել ձեզ իմ խնդիրը:

      – Խնդրեմ, խնդրեմ, դուք իրավունք ունիք ամենայն վստահությամբ ինձ հետ խոսելու: Ինչ էլ որ լինի ձեր խնդիրը, ես հոժարությամբ կկատարեմ, միայն թե կարողանամ:

      – Կարողանալը՝ կարող եք, բայց չգիտեմ, իրավունք ունիմ արդյոք այս տեսակ խնդիր ձեզ առաջարկելու:

      – Դեռ հայտնեցեք ձեր խնդրի տեսակը, այն ժամանակ կտեսնենք՝ կարող ենք, թե ոչ, – ծիծաղելով նկատեց Մելքոն-աղան:

      – Շատ լավ. ահա թե բանը ինչումն է: Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…

      – Այո, գնդապետ Բոլատկովսկու մոտ, – ընդհատեց Մելքոն-աղան:

      – …Աճուրդ պետք է լինի:

      – Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք:

      Պ. Թովմասը լռեց: Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ: – «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…», – զգուշաբար մտածեց Թովմասը և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վերա:

      – Հա: Ինչո՞ւ չեք շարունակում, – հարցրեց վերջինս: Թովմասը լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա:

      – Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի՞թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք, ինչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել:

      – Ես

Скачать книгу