Զահրումար. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Զահրումար - Րաֆֆի страница 12
– Անպատճառ, իմ սիրելիս, – ասաց նրան մայրը՝ գգվելով: – Այդ բոլորը ինչ որ ցանկանում ես, գրե՛ մի թղթի վրա, որ չմոռանամ, երեկոյան հայրդ երբ փողոցից վերադառնա, ես կխոսեմ նրա հետ և բոլորը կկարգադրեմ:
Ուրախացած մոր հուսադրելով, օրիորդը վեր առավ մի թղթի կտոր և սկսավ գրել յուր ցանկացած իրերի ցուցակը: Նա գրեց և գրեց, թղթի երեսը լքցրեց: Եվ սկսավ կարդալ: «Առաջին անգամ այս շատ կլինի, հարկավոր չէ հորս իսկույն վախեցնել», – ասաց նա յուր մտքի մեջ և սկսավ տեղ – տեղ ջնջել ցուցակից ամբողջ տողեր: Վերջապես նրանից արտագրեց փոքրիկ թերթի վրա հետևյալները.
1. Տեղափոխել մեր բնակությունը տների վերին հարկը.
2. Ինձ համար առանձին սենյակներ որոշել այնտեղ.
3. Գնել սենյակներիս համար եվրոպական պատշաճավոր կարասիք և մի հատ դաշնամուր.
4. Հոգալ հագուստիս մասին:
Այդ թերթը գրված էր վրացերեն, որ տիկին Բարբարեն ինքը ևս կարող էր կարդա., մայրը առավ թուղթն ու դուրս գնաց, խոստանալով, որ գիշերը անպատճառ կխոսե Ճանճուր Իվանիչի հետ:
Այդ երեկոյան Ճանճուր Իվանիչը խիստ ուշ դարձավ փողոցից, և տուն գնալուց հետո նա չերևեցավ յուր ընտանիքին, այլ իսկույն մտավ յուր սենյակը: Այնտեղ նա սկսել էր քրքրել յուր առևտրական գրքերը, երբ տիկին Բարբարեն ներս մտավ և նստելով նրա մոտ, մի քանի այլևայլ խոսակցություններից հետո հայտնեց իրենց դստեր պիտույքները և կարդաց նրա պահանջած իրերի ցուցակը:
Ճանճուր Իվանիչը խորին տհաճությամբ լսելով կնոջ առաջարկությունները, նրա սարսափելի դեմքի վրա երևացին անախորժ արտահայտություններ:
– Գանա առանց էտունք չի կանա յոլա գնա Սոֆի՞ն, – խոսեց նա յուր ռեխը թթվեցնելով:
– Վո՜ւյ մե, աբռազովաննի աղջիկը առանց էտունք վու՞նց կանա յոլա գնա, – պատասխանեց տիկին Բարբարեն խորին համոզմունքով:
Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ:
– Լավ, հագուստը ջեր ասինք հարկավուր է, չունքի սատանեքը կու խռովին, եփոր աղջկերքը մոդիցը հիդ ննգնին, – ասաց նա հեգնորեն: – Մագրամ էդ մեկել չանչալեքն ի՞նչ զահրումար ին, – կրկնեց նա աչքի տակով նայելով յուր կնոջը:
– Գանա դուն չի՞ս գիդի, – պատասխանեց տիկին Բարբարեն՝ գլուխը շարժելով:
– Սատանեն է խաբար, ես ի՞նչ գիդենամ, – խոսեց Ճանճուր Իվանիչը պինդ ձայնով:
– Է՛լի իծանիրդ մոդ էլա՜ն:
– Բաս ի՞նչ անիմ, վուր չգժվիմ:
– Էստուրում ի՞նչ գժվելու բան կա, վուր ուզում իս անպատճառ միծ մարաքա սարքիս:
– Ախար ես վու՞ր ջուրը ննգնիմ, ձիր վո՞ւր մեկ ասածը կատարիմ. մեկ չէ՛, երկու չէ՛, հարուր չէ՛, հազար չէ՛: Ամեն օր հենց ինձ նուր – նուր մսխերի մեջ իք գցում:
Տիկին Բարբարեն նկատելով, որ յուր ամուսնու բարկությունը չափից պիտի անցնի, մտածեց մի փոքր մեղմությամբ խոսել.
– Ա՛յ մարդ, բաս դու հիշտ իս իմանում աղջիկ պահի՜լը, վուրդիք մինձացնի՜լը. ինչկլի հիմի նրանց դարդը քաշիլ ինք, էստումեն դենը էլի պիտի քաշինք: Նրանց վրա մսխածը կորած չէ, աստուծ ինքը կու հասցնե:
– Դիա՜խ, կու հասցնե… – կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը,