Ոսկե աքաղաղ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 12

Ոսկե աքաղաղ - Րաֆֆի

Скачать книгу

թողած այդ արկղիկների վերևից, որտեղից բարեպաշտ մարդիկ փող են գցում նրա մեջ: Դրա նման էր և Մասիսյանի կասան, որին նա կոչում էր «դախլ», որ նշանակում է մուտք: Ստացած փողը նա իսկույն գցում էր այդ մուտքի դրամարկղի մեջ, որը ամբողջ շաբաթով կողպած էր լինում և բացվում էր միայն յոթն օրը մի անգամ, այսինքն՝ շաբաթ երեկոները, որ հաշվեր, թե որքան ապրանք է ծախվել, և որքան փող է մուտք գործել: Եվ բացի կասայի բացվելու օրից, այսինքն բացի շաբաթ երեկոներից, մնացած մյուս օրերում նա ոչ-ոքի փող տալու սովորություն չուներ և այս շաբաթ երեկոների վճարված փողը նա կոչում էր «ղըստ»: Մասիսյանը ուներ իր զանազան վաճառականական սնահավատությունները: Օրինակ, երկուշաբթի առավոտյան անկարելի էր նրանից մի կոպեկ ստանալ. ոչ ոքի փող չէր տա, որովհետև հավատացած էր, որ եթե երկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի:

      Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա: Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած տեղը նիրհել: Բայց անկարելի էր գիտենալ՝ արդյոք նա քնած էր, թե արթուն: Որովհետև, հենց մի «մուշտարի» ներս մտնելիս, մի բան պահանջելիս, երբ աշակերտները ուշ կշարժվեին, նա իսկույն աչքերը բաց կաներ, կասեր՝ «Լակոտներ, քոռացե՞լ եք, ինչ է, չե՞ք տեսնում, բան են ուզում»:

      Բայց մի անգամ մի դեպք Մասիսյանին այնքան կոտրեց, որ նա իր բոլոր աչալրջությամբ իրան խաբված և հաղթված համարեց: Իր մտերիմ բարեկամներից մեկը վախճանվել էր, նա պարտք համարեց թաղման ներկա գտնվիլ: (Կրոնական պարտավորությունների մեջ ճիշտ էր Մասիսյանը): Բոլորովին հոգնած վերադարձավ նա խանութը, տեսավ՝ մյուս աշակերտները գործի էին գնացել, այնտեղ մնացել էր միայն Միքայելը: Պատվիրելով նրան նայել խանութին, ինքը գնաց, նստեց իր սովորական տեղը: Սաստիկ տաք օր էր: Հոգնածությունը մեկ կողմից, իր մտերիմի մահվան տխրությունը մյուս կողմից, նրան խիստ թուլացրել էին: Պետք է խոստովանել, որ հանգուցյալի հոգու համար մի քանի բաժակ ավել էր խմել: Եվ այս պատճառով, հենց որ նստեց իր տեղը, սկսեց խորին կերպով նիրհել: Նույն միջոցին մի բավական լավ հագնված երիտասարդ ներս մտավ, նայեց իր շուրջը և հանդարտ մոտեցավ աղային: Նրա ոտքերի ձայնից աղան զարթնեցավ:

      – Առեք այդ բանը, – ասաց անծանոթը՝ շտապով հանելով իր ծոցից մի ոսկյա ժամացույց: – Ինչ կտաք, տվեք, փողի սաստիկ կարոտություն ունեմ: Կինս մեռնելու վրա է, շտապում եմ բժշկի մոտ:

      Մասիսյանը ուշադրությամբ նայեց անծանոթին, նայեց ժամացույցին և ասաց.

      – Հիսուն ռուբլուց ավել չի արժի:

      – Տվե՛ք փողը, աստված ձեզ խեր տա, բայց հավատացեք, որ Մոսկվայում ութսունով եմ գնել, – ասաց անծանոթը դարձյալ շտապեցնելով:

      Մասիսյանը համբարեց հիսուն ռուբլին, անծանոթը շուտով հեռացավ:

      Միքայելը, որ զարմացած նայում էր այս առևտուրին, խոսեց անծանոթի հեռանալուց հետո:

      – Այդ մարդը մի ժամ առաջ մտավ մեր խանութը, ժամացույցներին շատ նայեց, այս կողմ և այն կողմ տվեց, հետո ոչինչ չառեց, ասաց՝ ես ուզում էի միայն գներն իմանալ, ես մի հատ ունեմ ծախելու:

      – Տարա՜վ հիսուն ռուբլին… – կոչեց Մասիսյանը:

      – Ի՞նչպես

Скачать книгу