Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 7
Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն: Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը: Բնավորության կողմից նույնպես նման չէին: Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր: Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր: Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր: Մարմնով արատավորները միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում: Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից:
Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ: Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը, – վերջապես ինչ որ կուզեք անվանեցեք, – բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ: Տեսնում ես, – գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին` տգեղ կին: Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ: Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին: Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:
Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:
Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր