Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 4
– Գիտեմ, Ավետը փող բերած կլինի, նրա հաշիվը տե՛ս:
Գյուղացին հասկանալով, որ իր խոսակցությունը աղայի հետ վերջացած էր, մոտեցավ գործակատարին և հանելով իր ծոցից մի բուռն թղթադրամ, առանց համբարելու ածեց նրա առջևը:
Գյուղացու հաշիվը գործակատարին հանձնելը մի տեսակ խորամանկություն էր աղայի կողմից, որպես որսորդը երբեմն իր որսը շան առջևն է ձգում նրան լավ գզգզելու համար, որ իր բարակը ավելի խամռոտի1 և ավելի արյան սովորի:
Գործակատարը համբարեց իր առջևը ածած թղթադրամները, նայեց պարտամուրհակին, համրիչի հատիկները այս կողմը դարձրուց, այն կողմը դարձրուց և ապա ասաց.
– Բերած փողերդ դուրս գալուց հետո կմնաս հիսուն ռուբլի պարտական:
Գյուղացին սարսափի մեջ ընկավ:
– Իմ պարտքը առաջ հիսուն ռուբլուց ավելի չէր, – ասաց նա սրտի նեղությունիցը խեղդված ձայնով, – ապա էդ նոր տված փողերս ո՞ւր է գնում:
– Բա՛ տոկոսը չե՞ս հաշվում, – կոշտ կերպով պատասխանեց գործակատարը. – քո այժմ բերած փողը հազիվ տոկոսը կլրացնե:
Աղան նկատելով, գյուղացու և գործակատարի վիճաբանությունը, հեռվից ձայն տվեց.
– Ավետ ապեր, քեզանից հո ավել չեն առնի. որդի, ինչո՞ւ ես նեղացնում:
– Գրիգոր, – դարձավ նա դեպի գործակատարը, – տոկոսից մի բան բաշխիր Ավետին, մեր մարդն է, թո՛ղ շնորհակալ լինի: Դուքնիցն էլ մի բան տուր, թո՛ղ տանե իր երեխերքի համար, զատիկ օր է գալիս, թո՛ղ ուրախանան:
Հաշիվում ավելի վեր առնել, խաբել և կրպակից մի բան ընծայելով, գյուղացու աչքերը կապել, աղայի առևտրական տան հին սովորությունն էր: Ավետին ընծայեցին երկու գունավոր աղլուխ և մի քանի արշին էժանագին չիթ: Նա ընդունեց ընծաները և օրհնեց աղայի կյանքը:
Գործակատարը գրեց մի նոր պարտամուրհակ և գյուղացու առջև դնելով, ասաց, որ մատը թաթախե մելանի մեջ և կնիքի փոխարեն դնե թղթի վրա: Ավետը կատարեց պատվերը, որովհետև վաղուց սովորած էր այս գործողությանը:
Կալոն դրսումը վաղուց արդեն ձանձրացել էր, մենակ սպասելով, նա շուտ-շուտ գլուխը ներս էր բերում կրպակի դռնից, երկչոտ կերպով նայում էր և իսկույն ետ քաշվում, որ իրան չտեսնեն: Վերջացնելով իր գործը, Ավետը նոր հիշեց իր բերած գառը և կանչեց Կալոյին, որ ներս բերե:
– Զատիկվա համար գառն էլ ես բերել, շատ ապրիս, – ասաց աղան, հետաքրքիր աչքով նայելով Կալոյի վրա: – Այդ ո՞վ է, – հարցրուց Ավետից:
– Ձեր ծառայի, մեռած եղբորս որդին է:
– Տղա, արջի քոթոթ, մոտ եկ, տեսնեմ, – կանչեց աղան:
Կալոն ամաչելուց կարմրել էր, և քրտինքը կաթիլ-կաթիլ նրա ճակատից ցած էր թափվում: Նրա կյանքում առաջին անգամն էր, որ իր վրա ուշադրություն էին դարձնում այնպիսի մեծ մարդիկ:
– Քանի՞ տարեկան է, – հարցրուց աղան, դառնալով դեպի Ավետը:
– Տասներկուսի մեջ նոր է ոտ դրել, – պատասխանեց նա:
– Տեսնողը կասե տասնհինգ տարեկան է. ի՞նչ ասել է գյուղացի… անկարգ կերել է, անկարգ մեծացել…
Աղայի հետաքրքրությունը փոքրիկ Կալոյի մասին ուներ իր առանձին պատճառները. վաղուց նրա կինը միշտ ասում էր, որ մի գյուղացի երեխա գտնե տանը սպասավորություն անելու համար, պատճառ բերելով, թե քաղաքացի տղերքը