Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 10
Ավելի խորհրդավոր նշանակություն ունեին նրանց մյուս զարդարանքները: Թանկագին ակներով զարդարած, պարանոցի մանյակները ունեին իրանց շարքում մի տեսակ, ոսկուց շինած խողովակաձև թելիսման, որի մեջ դրած էին կախարդական բժժանքներ: Թե՜ բազուկների վրա, թե՜ թևքերի վրա (արմունկներից դեպի վեր) բոլորն էլ ապարանջաններ ունեին այն զանազանությամբ, որ թեքերի ապարանջանները կրում էին հագուստի վրայից, իսկ բազուկներինը` մարմնի վրա: Բացի դրանից, թեքերի ապարանջանները զարդարած էին գույնզգույն հուլուններով, որոնք գյութական նշանակություն ունեին: Մատանիներին թիվ չկար, բացի դրանից, բոլորի ոտների մերկ սրունքները նույնպես զարդարած էին գույնզգույն հուլուններով: Մի քանիսը ունեին համայիլներ, այսինքն ակներից, ոսկուց և մարգարիտներից հյուսված մի զարդ, որ գեներալների ժապավենի նման ձգել էին իրանց ուսից և կապել աջ թեքի տակ: Կինը, որպես մի կախարդական էակ, բառի բուն նշանակությամբ, իր զարդերի մեջն էր ամփոփել իր բոլոր զորությունը: Այդ զարդերը ոչ միայն ավելի փայլ էին տալիս նրա գեղեցկության, այլ պահպանում էին նրան չար աչքից, սիրելի էին կացուցանում նրան իր իշխանի աչքում և ազատ էին պահում մյուս կնիկների նախանձից ու նենգավոր որոգայթներից: Երեք հայ ոսկերիչներ, իրանց աշակերտների հետ, խանի բանակի մեջ, անդադար գործում էին նրա կնիկների զարդարանքի համար, որ լափում էր ամբողջ գավառների եկամուտը:
Չադրների այդ խումբը, որ հատկացրած էր կանանոցի համար, բոլորովին անմատչելի էր: Նա շուրջանակի պատած էր բարձր ալաչուղով, որ կոչվում էր սարայ-փերդայ, այսինքն սերալի վարագույր: Այնտեղ կարող էին մուտք գործել միայն ներքինիները և սևամորթ ստրուկներն ու ստրկուհիք:
Այն առավոտ կանանոցի հրապարակի վրա կատարվում էր մի արտակարգ շարժողություն: Բոլորը զբաղված էին մի մեծ պատրաստությունով: Աղախիններից մի քանիսը նստած էին մերկ գետնի վրա, բոլորել էին ահագին, երկաթյա կասկարայի շուրջը: Նրանցից մեկը ալյուր էր մաղում,